Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանի մասին Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակի մասին

Այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախի նախագահներ Բակո Սահակյան և Արկադի Ղուկասյանի նամակի մասին, որով նրանք Գլխավոր դատախազին խնդրել էին փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ասաց, որ Արցախի նախագահի խորհրդատուները պետք է ճիշտ խորհուրդներ տան, որովհետև հարցն այլևս գլխավոր դատախազի տիրույթում չէ, գործը դատարանում է, եթե դատախազը ցանկանա էլ ինչ-որ բան անել, չի կարող, դրա համար ճիշտ չի եղել նրան նամակ գրելը:

«Մարդկայնորեն կարող եմ հասկանալ դա, ենթադրում եմ, որ ընկերական հարաբերություններ կան, Քոչարյանն Արցախի առաջին նախագահն է եղել և այլն: Բայց ամեն դեպքում հարցեր ծագում են: Օրինակ բանտում է նաև Մանվել Գրիգորյանը: Ինչո՞ւ նրա համար էլ չեն միջնորդել, նա էլ է Արցախի հերոս: Կամ Քոչարյանը, կամ Արկադի Ղուկասյանը պետք է շնորհած լինեն այդ կոչում: Ի՞նչ սկզբունք է գործել: Եթե մենք խոսում ենք այն մասին, որ Արցախի հերոսներին չի կարելի կալանքի տակ պահել, կարո՞ղ է այնպես ստացվի, որ  և Արկադի Ղուկասյանի, և Բակո Սահակյանի իշխանության տարիներին Արցախի որևէ հերոս երկար ժամանակ կալանքի տակ պահված լինի, հնարավո՞ր է, թե՝ ոչ: Եթե որևէ մեկին թվում է, որ Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքն ավելի ծանր է, քան՝ Քոչարյանին, սխալվում է»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, ընկերական հարաբերությունները օրենքից վեր չեն կարող լինել. «Եթե իմ ընկերներն օրենքից վեր չեն, որևէ մեկի ընկերը չի կարող օրենքից վեր լինել»:

 

 

Նույն շարքից