Այսօր՝ մայիսի 8-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ում է տեսնում որպես իր մրցակից, ասաց, որ դա թեմա չէ. «Օրինակ ես առավոտն արթնացա, պետք է մտածեմ, թե ով է իմ մրցակի՞ցը: Էն հեթիաթի նման՝ «ты мне зеркальце скажи да всю правду доложи», ո՞վ է ինձանից ավելի սիրուն, որ գտնեմ, գնամ ոտքի տակը փորեմ: Ինձ համար նման թեմա չկա»,-կատակեց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիները, ովքեր քաղաքական գործունեությամբ են զբաղվում, մտադիր են ընտրություններին մասնակցել, առանց բացառությամբ մրցակից են. «Ես նրանց բոլորին վերաբերում եմ մեծ հարգանքով, որովհետև այդ մարդիկ պետք է օգնեն, որ ես իրականացնեմ իմ ամենակարևոր քաղաքական առաքելությունը: Ինչպես ես ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններով ընտրվել եմ վարչապետ, այնպես էլ նույն ընտրություններով պետք է հեռանամ վարչապետի պաշտոնից: Դա իմ ամենամեծ քաղաքական առաքելությունն է»: