Հայաստան Քաղաքական գլխավոր 

Իմպոտենցիայի դեպքերի մեծ մասի պատճառ դառնում է սեռական անգրագիտությունը. Նիկոլ Փաշինյանը՝ սեռական դաստիարակության մասին

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 8-ին, կայացած ասուլիսի ժամանակ, պատասխանելով Analitik.am-ի լրագրող Արտյոմ Առաքելյանի այն հարցին, թե տեղյա՞կ է արդյոք «Իմ մարմինն անձնական է» գրքի մասին և ի՞նչ կարծիք ունի այդ գրքի վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, որ ոլորտի մասնագետները փաստում են, որ այդ գրքի կազմման քննարկմանը չեն մասնակցել. «Որքանո՞վ եք ճիշտ համարում այդ քննարկմանը տվյալ ոլորտի և ոլորտին առնչվող մասնագետների ներկա չգտնվելը, և այդ վիճակով ստեղծված գրքի տարածումը 3-6 տարեկան երեխաների շրջանում»,- ասաց.

«Ինձ ուղարկել են էլեկտրոնային տարբերակը, և ես այսօր առավոտյան հասցրել եմ նայել։ Ես մասնագետ չեմ այդ ոլորտի։ Սակայն 2017 թվականին մանկապղծության 71 դեպք է տեղի ունեցել և այդ մանկապղծության դեպքերը ենթադրաբար տեղի է ունենում նաև այն պատճառով, որ երեխաները շատ դեպքերում չեն հասկանում, թե իրենց հետ ինչ է տեղի ունենում։ Ես, օրինակ, այդ գիրքը վերցրեցի կարդացի, և ուզում էի հասկանալ՝ ինչ-որ սարսափելի բան կա, թե՝ չէ։ Այնտեղ երեխային բացատրվում էր, որ մարմնի անձնական մասեր գոյություն ունեն, ասվում էր, որ այ մայրիկս ինձ համբուրում է դա նորմալ է, հայրիկս համբուրում է դա նորմալ է, եղբայրս ինձ համբուրում է դա նորմալ է, և ասվում էր, որ լինում են դեպքեր, երբ օտար քեռիներ ինձ համբուրում են և դա ինձ այնքան էլ հաճելի չի։ Ես իմ երեխայի օրինակով գիտեմ, որ լինում են դեպքեր, երբ ուրիշ մարդիկ իրեն համբուրում են, և դա իրեն հաճելի չի, ես դա զգում եմ, տեսնում եմ։ Երեխան չգիտի, օրինակ, հայրիկը, մայրիկը, քույրիկը համբուրում է դա նորմալ է, նույնիսկ քեռին է համբուրում նորմալ է, բայց եթե քեռու ընկերը, ընկերոջ ընկերը համբուրում է՝ դա նորմա՞լ է, թե՞ ոչ։

Եվ այս մանկապղծության դեպքերը տեղի են ունենում այդ պատճառով, երբ երեխան ինտուիտիվ ինչ-որ բան հասկանում է, բայց չգիտի դա նորմալ է, թե՞ ոչ։ Երեխային ասվում է, որ եթե լինես այնպիսի իրավիճակում, երբ քո մարմնի անձնական համարվող մասերին օտար մարդը փորձի դիպչել, դու իրեն կարող ես ասել՝ ոչ, չի կարելի դիպչել այդ մասերին։ Եվ սա արվում է մի երկրում, որտեղ տարեկան 71, չէ, թեկուզ, մեկ մանկապղծության դեպք է տեղի ունենում։ Ես տեսա, որ մեղադրանք կա այլասերվածության մեջ, ժողովուրդ ջան, մեր երեխեքն ի վերջո մեծանում են, հասունանում են, հասուն տարիքի են հասնում և հասուն կյանք են մտնում, իրենք որտեղի՞ց են իմանում այդ ամենը, մենք հարց տվե՞լ ենք՝ որտեղից են իմանում՝ փողոցից, իրարից լսելո՞վ, թաքուն ինտերնետում արգելված իրանց տարիքի համար չնախատեսված ֆիլմեր նայելո՞վ, կներեք, պոռնո կայքերից թաքուն օգտվելո՞վ, սա մեզ չի՞ մտահոգում»։

Փաշինյանը նաև նշեց, որ ինքը մասնագետ չէ, սակայն կարդացել է, տեսել է, որ այդ գրքում որևէ արտառոց բան չկա. «Ես մասնագետ չեմ, կարող է և սխալվում եմ, բայց երբ ես դա կարդացի, տեսա, որ այդտեղ ոչ մի արտառոց բան չկա։ Ես հարգանքով եմ վերաբերվում այդ մարդկանց և պատրաստ եմ լսել այդ տեսակետները, որ սա այլասերվածություն է, եթե այլասերվածություն է, ուրեմն պետք է արմատախիլ անել, այդպիսի բան թույլ տալ չի կարելի։ Այնուամենայնիվ պետք է հասկանալ, թե դա ինչ է։ Տարեկան միջինը 50-60 մանկապղծության դեպք ենք մենք ունենում, և ինձ զարմացնում է օրինակ այն, որ Հայաստանում կա այդպիսի կուլտուրա, երբ թոթովախոս երեխաներին հայհոյանքներ ենք սովորացնում, հյուրը գալիս է, ասում է՝ մի հատ հայհոյի, ասում ա քո սենցն ու նենցը, բոլորն ուրախանում են, կենաց են խմում։ Երբ երեխաներին բացատրում ես հարաբերությունների ինչ դիստանցիաներ կարող են լինել, որ, օրինակ, ինքն ունի որոշակի անհատական դիստանցիա, որը նույնքան անձեռնմխելի է, ինչքան հասուն մարդկանց տարիքում, ասում են՝ այլասերվածություն է։ Եթե մասնագետներին չեն հրավիրել այդ գրքի քննարկմանը, ապա դա վատ է, ուրեմն թող հրավիրեն։ Բայց ես չեմ կարծում, որ այդպիսի բան է արվել առանց մասնագետների մասնակցության։ Այսինքն, ինչ-որ մեկը զբաղվել է դրանով, չէ՞, քարտա՞շն է գրել դա»։

Լրագրողի այն արձագանքին, որ այդ գիրքը նոր է ինչ-որ հասարակական կազմակերպության կողմից տպվել և փորձ է արվում բաժանվել երեխաներին և ծնողներին, ինչպես նաև այն դիտարկմանը, որ ոստիկանությունից օրեր առաջ տվյալներ հայտնեցին առ այն, որ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության նվազման միտում ունեն, Փաշինյանն արձագանքեց. «Ես քսանհինգ տարի, որպես լրագրող այդ թեմայի հետ առնչվում եմ, ամեն անգամ մեծ աղմուկ-աղաղակ, մեծ պատմություն և այլն, և այլն։ Այս խնդիրը նոր չի Հայաստանում, բայց որ երեխաներին պետք է սեռական գրագիտություն ապահովել, դա հաստատ է։ Երբ նրանք ամուսնանում են որտեղի՞ց են իմանում, մենք գիտե՞նք, իրենք որտեղի՞ց են իմանում, փողոցից, բիսետկեքի խոսակցությունից, ծնողներին ականջ դնելու՞ց։ Որտեղից ենք մենք իմանում մեր հասուն կյանքի մասին ինֆորմացիա, Հայաստանի քաղաքացիների քանի՞ տոկոսն է այդ առումով գրագետ, ոչ միայն երեխաների, այլ հասուն քաղաքացիների քանի՞ տոկոսն է այս առումով գրագետ և ինչ ազդեցություններ է ունենում մեր կյանքի վրա, մեր սոցիալական կյանքի վրա, մեր տնտեսական կյանքի վրա, մեր ընտանիքների ամրության վրա, մենք գիտե՞նք, այս ամենի մասին մտածե՞լ ենք, թե՞ մենք ուզում ենք Հայաստանը պահել վաղ միջնադարի ժամանակաշրջանում։ Այո, հնարավոր է՝ ինչ-որ մի տեղ մասնագիտական գնահատականը պատշաճ մակարդակի չի, խնդիր չկա, քննադատենք, արգելենք, թույլ տանք այն, ինչը պետք է թույլ տալ, բայց եկեք ընդունեք, որ այդ ամենը պրոբլեմ է։

Այնպիսի թեմա եք շոշափում, օրինակ, դուք գիտե՞ք, որ իմպոտենցիայի դեպքերի մեծ մասի արդյունք է դառնում առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասը։ Բա դա մեր ավանդական ընտանիքի խնդիր չէ՞, մեր ժողովրդակագրական վիճակի խնդիր չէ՞, թե դա հա-հա, հի-հի թեմա է։ Մենք այդ մասին չենք խոսում, որովհետև կասեն երկրի վարչապետն այս ի՞նչ է քննարկում, պարապ է մնացել, դե եկեք չխոսենք ոչ մի բանի մասին, եկեք չխոսենք տնտեսական ճգնաժամի մասին, որ տնտեսական ճգնաժամ չլինի, եկեք չխոսենք ժողովրդագրական ճգնաժամի մասին, որ ժողովրդագրական ճգնաժամ չլինի։ ՀՀ քաղաքացին պետք է լինի գրագետ։ Ես այդ միջոցառման հետ կապ չունեմ, ես ընդամենն աղմուկից հետո վերցրել եմ, նայել եմ՝ հաշվի առնելով, որ ասուլիսի եմ գալու, կարող է հարց լինի, եթե պետք է դատապարտեմ, մի հատ խիստ դատապարտեմ, բայց չգտա ես այդտեղ դատապարտելու բան։ Գուցե մասնագիտական գնահատականը պատշաճ չի, գուցե, ես չեմ կարող ասել, բայց մեր ժողովուրդը պետք է լինի գրագետ, խոսքը միայն երեխաների մասին չի, այլ մեր բնակչության»։

Փաշինյանը նաև նշեց, որ մոլորության մեջ են բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, թե Սորոսը կամ ուրիշ մեկը կապ ունի ինչ-որ բանի հետ, որ կատարվում է Հայաստանում:

Նույն շարքից