Հասարակություն 

Փա՛ռք մայիսյան հաղթանակների հերոսներին. Խաչիկ Ասրյան

Հերոսածի՛ն Հայեր,

Քրիստոնյա Հայ Ազգի պատմության փառավոր էջերում իրենց հաստատուն տեղն ունեցան մայիսյան հաղթանակները՝ «Վասն հավատո, վասն հայրենյաց», որոնք ճակատագրական եղան հայերիս համար. Ավարայրի ճակատամարտ, Առաջին Հանրապետության կազմավորում, Հայրենական Մեծ Պատերազմ, Շուշիի ազատագրում։

Մայիսյան հերոսամարտերի պատմությունն սկսվում է ի պաշտպանություն հայրենիքի՝ կյանքը զոհելու երդումով, Հայի մտքի և բազկի միասնության ուժի կարևորումով, մեր հերոս նախնիների քաջագործություններով և հաղթանակներով:

Մենք հպարտ ենք, որ ժառանգորդն ենք հերոսական Հայ Ազգի այն դյուցազուն զավակների, ովքեր, որպես «Գողգոթա», պատմական արյունալի ուղի անցան՝ պատերազմներ մղելով, ողջ գիտակցական կյանքը Հայրենիքին նվիրելով՝ Ազգն ու Հայրենիքը հավերժ ազատության մեջ տեսնելու համար։

1945 թ. մայիսի 9-ին մեր հայրերն ու պապերը Երկրորդ համաշխարհայինից տուն վերադարձան՝ ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած մեծ հաղթանակով:

Փա՛ռք ու պատիվ Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններին, որոնց փորձն ու իմաստնությունը քաջալերեցին և ուղղորդեցին արցախյան ազատամարտի հերոս որդիներին:

1992 թ. մայիսի 8-ի՝ լույս 9-ի գիշերը, արծիվ հայորդիներն ազատագրեցին բերդաքաղաք Շուշին:

Փա՛ռք ու պատիվ Շուշի բերդաքաղաքն ազատագրած քաջաց Հայորդիներին:

Նույն ամսին ձևավորվեց Արցախի Պաշտպանության Բանակը, որի սահմաններ չճանաչող քաջությունն ամուր ու հաստատուն է պահում պատերազմած Արցախ աշխարհի սահմանները:

Փա՛ռք ու պատիվ Արցախի Պաշտպանության Բանակին, նրա քաջարի հրամանատարներին և զինվորներին:

Անձամբ իմ և «Հայոց Արծիվներ»-ի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին՝ մայիսյան փառավոր հաղթանակների առթիվ, և մաղթում հզոր ու պաշտպանված Հայոց պետականություն, մշտապես մարտունակ Հայոց Ազգային Բանակ, հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի ու միասնական Հայաստան:

Փա՛ռք Հայ Ազգին, նրա փառավոր անցյալի՝ Վարդանանց, Հայրենական Մեծ, Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի, Լեռնահայաստանի, արցախյան հերոսամարտերում «իմացյալ մահով» անմահացածներին: Նրանք մայիսյան ճակատամարտերում ամրագրեցին Հայի, Հայաստանի և Արցախի հավերժությունը:

Ի համալրումն Մայիսյան հաղթանակների՝ փառաբանենք և մայիսի 28-ը՝ Հայոց Առաջին Հանրապետության կազմավորման օրը՝ ասելով.  «Դու հավե՛րժ ես, ի՛մ Հայաստան»:

Հարգանքով՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան

Նույն շարքից