Այսօր՝ մայիսի 10-ին, կառավարության նիստի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկեց Հայաստանում 3-5 տարով արգելել որսը, որպեսզի կենդանիների պոպուլացիան վերականգնվի: Վանեցյանը նշեց, որ լինելով նախկինում շատ ակտիվ որսորդ 5-7 տարի որսի չի գնացել և միշտ դրա մասին խոսում է:
ԱԱԾ տնօրենն առաջարկեց, որ արգելվի նաև որսորդական փամփուշտները, որպեսզի հնարավոր չլինի որս անել, ովրովհետև հատկապես գյուղական վայրերում, անտառների մոտ ապրող մարդիկ անկախ ամեն ինչից տարվա ցանկացած սեզոնի որս են անում:
Վարչապետ Փաշինյանն ասաց, որ համաձայն է դրա նման ինչ-որ բան անելու հետ, ուղղակի պետք է ուսումնասիրել հարցը, բազմակողմանի նայել խնդրին. «Այսօր ամբողջ աշխարհում բնապահպանական հարցերն օրակարգի առաջին հորիզոնականներում է: Մենք ունենք բացառիկ հարստություն այդ մասով: Սակայն դրա մի հսկա մասը գտնվում է ոչնչացման եզրին: Մենք պետք է կարողանանք այս իրավիճակի վերաբերյալ մեր բոլորի վերաբերմունքը փոխել»:
Փաշինյանը, դիմելով Բնապահպանության նախարարին, առաջարկեց քննարկել հարցը՝ նշելով, որ որոշ տեսակների որսը կարելի է չարգելել. «Ես Վանեցյանին հասկանում եմ, նա ուզում է ասել, որ սողանքների առկայության դեպքում ինչ կարողանում են որսում են»:
Բննախ Էրիկ Գրիգորյանն ասաց, որ այդ թեմայով արդեն խոսել է Վանեցյանի հետ. «Այն ինչ կատարվում է Հայաստանում կենդանիների, թռչունների համատարած ոչնչացում է, ընդհանուր բան չունի որսի ընդունված տարբերակի հետ: Կրակում են այն ամեն ինչի վրա, ինչը շարժվում է: Բազմաթիվ բացեր կան: Մեր իրավապահները հիմա քննարկում են բացերը»:
Վարչապետն իր հերթին նշեց, որ այստեղ նաև մշակույթի խնդիր կա, քանի որ մարդիկ պետք է հասկանան, թե ինչպես են վարվում կենդանական աշխարհի հետ. «Կենդանիների նկատմամբ մարդու վերաբերմունքից կարել է հասկանալ նաև այն, թե ինչպես է նա վերաբերվում մարդու հետ»: