Կարծում եմ մի փոքր ուշացած էր։ Այսօր՝ մայիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, խոսելով այն մասին, որ վերջերս Արցախի նախագահները դիմել էին Գլխավոր դատախազին՝ խնդրելով փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։
Հարությունյանի խոսքերով Արցախի նախկին և ներկա նախագահը պետք է հստակ դիմեին վարչապետին և ասեին․ «Պարոն Նիկոլ Փաշինյան, դադարեցրեք քաղաքական վենդետա իրականացնել Արցախի հերոս, Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Հերիք է ձեր անձնական վրեժխնդրության պատճառով մարդուն պահեք կալանքի տակ և վարկաբեկեք ՀՀ միջազգային իմիջը, որովհետև ձեր անձնական վրեժխնդրության պատճառով, մասնավորապես ռուսական հեռուստաալիքները Հայաստանը ներկայացնում են որպես ավտորիտար պետություն»։
Ըստ Հարությունյանի Հայաստանի Հանրապետությունում խախտվում է արդարադատության սկզբունքը, իսկ արդարադատությունը դա շատ կարևոր նախադրյալ է նաև տնտեսության զարգացման համար․ «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Արցախի նախկին և ներկա նախագահների այդ հայտարարությանը։ Երբ ինքն ասաց, թե ով է Ռոբերտ Քոչարյանը, դա պատսխանի մի մասն էր, և երկրորդ մասը, երբ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, այդ գրառումը նշանակում է Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան և մյուսներ, շարունակեք քաղաքական նամակներ գրել, կարող է ձեր ժողովուրդը դուրս գա ձեր դեմ»։
Բանախոսը նշեց, որ և՛ Բակո Սահակյանը և՛ Արկադի Ղուկասյանը, և՛ մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազավթված է պետական մտածողություն չունեցող, շարքային և շատ վտանգավոր դեմագոգ պոպուլիստի կողմից․ «Այս մարդը հանուն սեփական իշխանությունը պահելու պատրաստ է վտանգել ցանկացածիս անվտանգությունը, մեր երկրի և Արցախի անվտանգությունը և առհասարակ մեր արժեհամակարգերը քանդել, հետևաբար ես կոչ եմ անում այսպես կոչված ներհեղափոխական ուժերին, Դաշնակցության, Բարգավաճ Հայաստանին, Էդմոնին, դուք ձեր ներսում «ռազբորկա» արեք հասկացեք ոնց եք փոխում Նիկոլին, որովհետև այս տղան ոչ միայն վտանգավոր է, այլ նաև չի կարողանում Հայաստանը զարգացնել, չի կարողանում արդարացնել ձեր նման հազարավոր մարդկանց հույսերը, որոնք դուք ունեցել եք այսպես կոչված հեղափոխության ժամանակ։ Ես առաջարկում եմ կամ այս ներհեղափոխական ուժերով փոխեք այս մարդուն և բերեք ավելի պետական մտածողությամբ մեկին, կամ քաղաքական ուժերին կոչ եմ անում համախմբվել և արտախորհրդարանական դաշտում խնդիր դնել Նիկոլ Փաշինյանից Հայաստանը և Արցախն ազատագրելու համար։ Սա վտանագավոր երևույթ է մի պետության համար, որն ունի պոտենցիալ և իրական թշնամիներ, մի պետության համար, ում հարևաններն ուղղակի սպասում են, թե երբ են մեր պետությունը փորձելու բռնազավթել, հետևաբար մենք նման իրավիճակում չենք կարող ունենալ ոչ ժողովրդավարական, պետական մտածողություն չունեցող և դեմագոգ իշխանություն»։