Այգում տնկվել է 70 բացառիկ ծառատեսակի 250 ծառ: Կանաչ տարածքը գրեթե կրկնապատկվել է: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ մի քանի ծառերն այգու կենտրոնական հատվածից, որտեղ այժմ շատրվաններն են, տեղափոխվել են և վերատնկվել այգու եզրային հատվածներում: Այգին ամբողջ տարին ապահովված է շուրջօրյա ոռոգմամբ: Տեղադրված է Հայաստանում աննախադեպ կաթիլային և ցնցուղային ինքնաշխատ ոռոգման ինքնավար համակարգ: Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ:
Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ՝ վերասլաց 45 ջրաշիթերով: Շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոնում տեղադրվել է բրոնզաձույլ 5 ջրային արձան: Այգու տարածքում տեղադրվել են ուրարտական թեմատիկայով ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ, 76 նստարան, ինքնատիպ ձևավորմամբ 62 աղբաման և 126 լուսասյուն:
Երևանի 2800-ամյակի այգին Երևան համայնքի սեփականությունն է, այգու տարածքում արգելվում է ձեռնարկատիրական որևէ գործունեություն:












