Հայաստան Քաղաքական 

Վիտալի Բալասանյանն արձագանքել է Փաշինյանի խոսնակի հայտարարությանը. «168 ժամ»

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանին մայիսյան եռատոնի կապակցությամբ ազատ արձայկելու վերաբերյալ Արցախի  ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակին՝ուղղված ՀՀ գլխավոր դատախազին։

«Եթե Արցախի երկու նախագահները՝ գործող և նախկին, դիմել են, որ Ռոբերտ Քոչարյանին թույլ տային մասնակցել Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումներին, պետք է հարգեին այդ դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին: Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական գործի հետապնդումը կասեցնեին, նրանց հայտարարությունն այն էր, որ գոնե այս օրերին, Հաղթանակի օրը բոլոր նախագահները ներկա գտնվեին, մասնակցեին մեր հաղթանակներին»,- ասել էր Վիտալի Բալասանյանը։

Реклама 08

Վիտալի Բալասանյանի այս  մեկնաբանությանն արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք պահպաներ անհրաժեշտ զսպվածություն։

«Եթե չեմ սխալվում՝ վերջին մի քանի տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել։ Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ լինելով, իր իսկ պնդմամբ՝ Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, իսկ որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ դոլարային միլիարդատեր, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Փոխանակ այս քանի տարվա մեջ հորդորեր ներդրումներ անելու, անտեղի հայտարարություններ է անում»,- ասել էր Վլադիմիր Կարապետյանը:

168.am-ն այս ամենի վերաբերյալ զրուցեց Վիտալի Բալասանյանի հետ։

– Պարոն Բալասանյան, վերջին տարիներին, երբ Արցախում տեղի է ունեցել Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառում, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրանց մասնակցե՞լ է, թե՞ ոչ։

– Չեմ կարող ասել, որ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 9-ի բոլոր միջոցառումներին մասնակցել է, հատկապես, երբ զբաղեցնում էր պետական պաշտոն։ Սակայն Հայաստանից միշտ պետական պատվիրակություն եղել է՝ թե՛ ի դեմս վարչապետի ու նախագահի, թե՛ ԱԺ- նախագահի։ Նրանք մասնակցել են բոլոր միջոցառումներին, մայիսի 9-ին, սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության տոնին։ Այսինքն՝ տարբեր միջոցառումների Հայաստանը՝ ի դեմս առաջին դեմքերի, մասնակցել է։

– Արցախի տնտեսության և ընդհանրապես Արցախի համար Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ է արել։

– Արցախի ազատագրական շարժման ակունքներում Ռոբերտ Քոչարյանը կարևոր դերակատարում է ունեցել։ Եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ և Արցախի Հանրապետության դե ֆակտո և դե յուրե ղեկավարը։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի անձնական միջոցներին, ինչպես նշվում է Վ. Կարապետյանի մեկնաբանության մեջ, չեմ էլ ուզում մեկնաբանել այդ մարդու ասածները, եթե նա տեղյակ է, որ Ռոբերտ Քոչարյանը միլիարդներ ունի, ապա ճիշտ կլինի՝ դիմի համապատասխան մարմիններին և տա հաղորդագրություն։ Ես ընդհանրապես տեղյակ չեմ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին, ուր մնաց՝ Ռ. Քոչարյանին էլ հորդորեի, որ Արցախում ներդրումներ աներ, ես սա անկեղծ եմ ասում։

 

Նույն շարքից