Մեզ մոտ ավանդական տուրիստական ուղղություններից բացի բավական հետաքրքիր տուրեր են զարգանում, հատկապես ես ուզում եմ հեծյալ տուրիզմի մասին խոսել: Գեղարքունիքում բիզնես ֆորումի ժամանակ հայտարարեց մարզպետ Գնել Սանոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարող է մարզն այս տարի առաջարկել զբոսաշրջիկներին:
Սանոսյանը նշեց, որ հիմա տասնյակ երկրներից գալիս են Գեղարքունիք ձի վարելու, ձիարշավի համար. «Գեղարքունիք են գալիս թռչուն դիտելու համար: Աշխարհում արագ զարգանում է տուրիզմի մի ուղղություն, որը կոչվում է թռչնադիտարկում: Մարդիկ երկրից երկիր են գնում ուղղակի թռչուն տեսնելու համար: Մեր լեռներում, փոքր լճակներում բազմաթիվ թռչնատեսակներ կան»:
Մարզպետի խոսքերով զարգանում է նաև էկոտուրիզմն ու գյուղական տուրիզմը: Զբոսաշրջիկներին դուր է գալիս շրջել գյուղերում, համտեսել տեղի սնունդը: