Հասարակություն 

Լարված իրավիճակ Աջափնյակում. փորձել էր վերացնել զբոսայգին, մանկական խաղահրապարակը. ահազանգում են բնակիչները

Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 13-Արզումանյան 4 շենքերի և նշված շենքերի հարակից շենքերի բնակիչներն ահազանգել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, որ վաղ առավոտից ինչ-որ անձինք սկսել են ոչնչացնել բնակիչների կողմից ստեղծված ու պահպանված կանաչ զանգվածը, որը բնակիչների կողմից օգտագործվում էր նաև որպես զբոսայգի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգին օպերատիվորեն արձագանքել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը և Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը, որոնց շնորհիվ ժամանակավորապես կասեցվեցին նշված վայրում աշխատանքները։ Սակայն, մինչ թաղապետարանի և քաղաքապետարանի աշխատակիցների ժամանումը, արդեն կանաչ զանգվածի ահագին հատվածի «հերն անիծել էին»։ Բնակիչները նշում էին, որ իրենք կյանքի գնով են պահել այդ տարածքը, նույնիսկ թաղապետարանի հետ կատարել են ծառատունկ, և թաղապետարանը նշված վայրում տեղադրել է ճոճանակներ, զրուցարան և իրենք միշտ այս հատվածում անցկացնում էին իրենց հանգիստը։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ռ. Դարբինյանի հանձնարարականով արդեն սկսվեցին նյութեր նախապատրաստվել, որպեսզի, ով կատարել է այս գործողությունները, վարչական պատասխանատվության ենթարկվի։ Գործողությունները կատարողն էլ ասում էր, որ իր գործողություններն անօրինական չեն, նշված վայրում օբյեկտ կառուցելու համար իրեն ժամանակին շինթույլտվություն է տվել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, իսկ հետո արդեն շինթույլտվությունը երկարացրել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից