ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Հայացք Երևանից» հաղորդաշարին. Մաս 1
Հարց. Պարոն նախարար, բարև Ձեզ:
Նախարար. Բարի երեկո:
Հարց. Շատ շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար և շնորհավորում եմ Ձեզ եռատոնի կապակցությամբ:
Նախարար. Բոլորիս շնորհավոր:
Հարց. Առաջարկում եմ զրույցը սկսենք հենց Արցախյան հակամարտությանը վերաբերող հարցերից և խոսենք այն թեզի մասին, որ Հայաստանի ժողովուրդը պետք է թելադրի, թե ինչ բանակցենք, և դեռևս մինչ այսօր հստակ չի սահմանել, թե ինչպես է պատկերացնում հակամարտության կարգավորումը, որպեսզի իշխանությունները կարողանան դրա հիման վրա բանակցել: Կարծես Արցախյան շարժումը, պատերազմը, Արցախի անկախության հռչակումը տվել էին այդ հարցի պատասխանը: Ի՞նչն է այսօր պակասում և ի՞նչը չի բավարարում բանակցությունների համար:
Նախարար. Երբ մենք խոսում ենք ժողովրդի կամքի մասին և ժողովրդի որոշիչ ձայնի մասին` լինի դա Հայաստանում, լինի դա Արցախում, խոսքը վերաբերում է շատ պարզ ժողովրդավարական մեխանիզմների: Մենք ունենք ժողովուրդ, որն ընտրել է իշխանություններին, տվել է մանդատ, որի հիման վրա իշխանությունները ներգրավված են, վերցնում են այդ գործառույթը իրականացնելու պատասխանատվություն` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասով: Դա արտահայտված է կառավարության ծրագրի մեջ, և այդ ծրագիրը ստացել է հավանություն ժողովրդի կողմից մանդատ ստացած Ազգային ժողովում, և դրա հիման վրա իշխանությունը, կառավարությունը իրականացնում է այդ գործառույթը: Սա պարզ ժողովրդավարական համակարգի գործիքների կիրառում է:
Հարց. Այսինքն, այս պահին ժողովուրդն ասե՞լ է՝ ինչ բանակցել:
Նախարար. Երբ ենթադրում և ինձ նման հարցեր են տալիս, թե` արդյոք հիմա ժողովուրդը պետք է նստի և բանակցի, դա ուղակի ամբողջ գործընթացի տրիվիալիզացում է: Խոսքը գնում է այն մասին, որ գոյություն ունի ժողովրդավարական համակարգ, որը գործում է ըստ ժողովրդավարական կանոնների: Եվ այսօր հարցը դրանում է, որ կառավարությունը ներգրավվել է գործընթացի մեջ, և գիտեք որքան զգայուն գործընթաց է, որքան ծանր գործընթաց է, արդեն քանի տարի շարունակվող գործընթաց է, որը դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: Այս տարիների ընթացքում ձևավորվել են բազմաթիվ գաղափարներ, պարամետրեր, մտքեր մոտեցումներ, որոնք արտահայտվել են տարբեր ձևերով, բայց դեռևս չի եկել այդ պահը, որտեղ կարող ենք ասել, որ հասել ենք ինչ-որ հանգուցալուծման, ինչ-որ հանգրվանի, որտեղ կարող ենք համադրել այդ պարամետրերը և ստանալ այն, ինչ կոչվում է փոխզիջում, որովհետև հաճախ նորից գալիս է հարց, թե արդյոք Հայաստանը ինչ պետք է զիջի, արդյոք Հայաստանը պետք է խոսի դրա մասին, եթե խոսքը չի գնում փոխզիջման մասին: