Այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, խոսելով վերջին շրջանում Ազգային ժողովում պատգամավորների նկատմամբ խստացված ստուգումերի մասին, հայտարարեց, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նկատվում է խստացում: Տոնոյանն ասաց, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ավտոմեքենաներով մուտք գործողներին, այլ նաև մյուսներին, ովքեր ավտոմեքենայով չեն:
ԲՀԿ-ական պատգամավորը որևէ էքստրաօրդինար գնահատական չցանկացավ տալ՝ հավելելով, որ միտում, ուղղորդում բացառապես ընդդիմադիրների նկատմամբ չի տեսնում: Նա կարծում է, որ ամեն ինչ արվում է անվտանգության նկատառումներից ելնելով. «Եթե մարդիկ թաքցնելու բան չունեն, պետք է հանգիստ վերաբերվեն դրան: Ամեն դեպքում լավ կլինի, որ դա ցուցադրաբար չլինի»:
ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն իր հերթին հայտարարեց, որ նախորդ ԱԺ-ի ժամանակ էլ են ստուգումներ եղել, միգուցե վերջին շրջանում խստացումներ կան, սակայն գնահատականներ տալուց զերծ կմնան: