Բարի օր Հասարակություն 

Արցախը հակահեղափոխության կենտրոն դարձնելու բոլոր փորձերը բնականաբար կվերջանան հեղափոխությամբ. Ռուբինյան

analitik.am

Իրականում ամեն ինչ շատ պարզ է: Հայաստանի և Արցախի ժողովուրդները նույն կերպ են մտածում, ունեն նույն  նպատակներն ու նույն տրամաբանության մեջ են: Չկա որևէ գործիչ կամ ուժ, որն այս իրողությունը կարող է փոխել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանի խոսքերով, բնականաբար Արցախում սպասվում են ընտրություններ, դա կարող է ազդել տարբեր մարդկանց հայտարարությունների վրա: Բայց այստեղ մտահոգվելու առիթ չկա, որովհետև Արցախը հակահեղափոխության կենտրոն դարձնելու բոլոր փորձերը բնականաբար կվերջանան հեղափոխությամբ. «Պետք է ուղղակի խելագար լինել սա չհասկանալու համար: Ես չեմ կարծում, թե Հայաստանում կամ Արցախում այս առումով խելագարներ կան»:

Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանայն-Վլադիմիր Կարապետյան «փոխհրաձգությանը», Ռուբինյանն ասաց, որ իր համար այն մտահոգիչ չէ, այլ ցավալի է Բալասանյանի համար:

Անդրանիկ Քոչարյանն իր հերթին հայտարարեց, որ Բալասանյանն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն է. «Այդպիսի պաշտոն զբաղեցնող անձը, անկախ իր նախկին ծառայություններից՝ Հայաստանի, Արցախի և պատերազմում հաղթանակի մասով, որոնք գնահատաված են, չպետք է անի գործողություններ, որոնք կթուլացնեն անվտանգությունը: Որևէ պաշտոնյա իրավունք չունի մեր երկու պետությունների անվտանգության համակարգը թուլացնող քաղաքական հայտարարություններով հանդես գալ: Ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանին, ապա նա ընդամենն ասել էր, որ նման պաշտոն զբաղեցնողի նման պահվածքն անթույլատրելի է: Կարապետյանի գնահատականը ճիշտ էր:

Այդ պահվածքը, եթե նկատում եք, մեր հանրության վրա որոշակի բացասական ազդեցություն է թողել և դա ոչ միայն վտանգել է մեր անվտանգության համակարգն, այլև մեր հանրային ինքնասիրությունն է վիրավորել, չի կարելի է այդպիսի բան անել»:

Նույն շարքից