Հասարակություն 

Դեռ կասկածներ կան, որ Հոկտեմբերի 27-ին զենքերը նախօրոք են բերվել. Քոչարյան

Այսօր՝մայիսի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, խոսելով ԱԺ պատգամավորների նկատմամբ խստացված ստուգումների մասին, հայտարարեց, որ իր պայուսակն էլ են ստուգում, հետևաբար չի կարելի ասել, թե միայն ընդդիմադիրների պայուսակներն են ստուգում:

Իմքայլական Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իր ավտոմեքենան էլ են ստուգել. «Ինչ վերաբերում է պայուսակները ստուգելուն, պահպանության ծառայությունը չափն անցել է: Ես զգուշացրել եմ նրանց, որ պայուսակի ստուգումն արդեն այլ ռեժիմ է: Նրանք հասկացել են, որ պետք է վերանայեն այդ մասը: Մեքենաների ընդհանուր հսկողությունը մտնում է անվտանգության տրամաբանության մեջ, հատկապես Հոկտեմբերի 27-ից հետո: Այստեղ նեղանալու բան չկա: Իսկ եթե ինչ-որ մասով վերանայելու հարցեր կան, ես այդ հարցը քննարկել եմ և միգուցե վերանայումներ լինեն: Բաներ կան, որոնցից կարելի է հրաժարվել, որովհետև դա որևէ հարց չի լուծում»:

Քոչարյանը նշեց, թե դեռ կասկածներ կան, որ Հոկտեմբերի 27-ին զենքերը նախօրոք են բերվել:

Դիտարկմանը, որ խոսքը վերաբերում է ԱԺ-ից դուրս գալու ժամանակ ստուգումներին, Քոչարյանն ասաց՝ եթե ստուգումների մասով ռեժիմի խախտումներ են եղել, ինքը հենց այսօր կզբաղվի հարցով:

Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելուն, Քոչարյանը նշեց, որ ծանրակշիռ ու նոր հանգամանքներ եթե լինեն, օրենքի պահանջով գործընթացը նորից տեղից կշարժվի: Եթե դա կապված լինի Մեղրիի տարբերակի, կամ այլ հանգամանքի հետ, պետությունը կիրականացնի իր պարտավորությունները։

Նույն շարքից