Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այստեղ երկու խումբ քաղաքացիներ են բողոքի ակցիա իրականացնում՝ հանուն Քոչարյանի և ընդդեմ Քոչարյանի:
Քոչարյանի աջակիցների թվում է նաև Գագիկ Բաղդասարյան, ով, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքերով, եղել է «Ժառանգությունից», ՕԵԿ-ից, հետո «Ազատ դեմոկրատներից», հետո իրենց հետ ավտոերթի է մասնակցել և պայքարել Տարոն Մարգարյանի դեմ, հետո գնացել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակ մտնելու համար հարցազրույցի, իսկ հիմա գոռում է ազատություն Ռոբերտ Քոչարյանին:

Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ամեն թափթփուկի գրառում չի ցանկանում մեկնաբանել: Նա նշեց, որ հեղափոխության օրերին ակտիվ մասնակցություն է ունեցել, պայքարելով ստի ու կեղծիքի դեմ, սակայն հեղափոխությունը մնաց կիսատ, քանի որ իշխանության եկան մարդիկ, ովքեր արժանիքներ չունեն:
Բաղդասարյանը հայտարարեց, որ հեղափոխության ժամանակ տրված խոստումների նույնիսկ 5 տոկոսը չի իրականացվել. «Ժողովուրդը Փաշինյանին հնարավորություն տվեց արդար կառավարելու: Սակայն այս մեկ տարվա ընթացքում նրանք առաջնորդվում են ստով ու կեղծիքով: Փաշինյանի ներկայացրած 100 փաստերը մանիպուլյացիա են: Հարցրեք մարդկանց՝ լա՞վ են ապրում: Հեղափոխությունը լավ ապրելու համար էր: Հեղափոխությունը մենք ենք արել՝ միասին, իսկ Փաշինյանն առաջնորդել է, լավ է արել: Ցավոք նա ճանապարհի կեսից ետ դարձավ: Հեղափոխությունը մինչև վերջ պետք է հասցնել»: