Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասին հարցի քննությունը:
Դատական նիստին զուգահեռ դատարանի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք մեկնարկել են նիստի մեկնարկից ժամեր առաջ:
Իրավիճակն այստեղ այս պահին համեմատաբար հանգիստ է: Քոչարյանի դեմ ակցիա անողները, որոնց շարքերում է նաև Մանվել Գրիգորյանի դեմ ակցիաներից հայտնի Ջիվան Աբրահամյանը, սուրճ, պաղպաղակ ու ջուր են բաժանում: Նրանցից մեկը հեգնանքով ջուր առաջարկեց նաև Քոչարյանի կողմնակիցներին, որոնք ակցիա են անում հարևանությամբ. «Ծարավ կլինեք, ջուր ուղարկե՞նք ձեզ, մեղք եք էլի»:
Դատարանի մոտ նաև պարբերաբար հնչում են տարաբնույթ հայհոյանքներ: Նման վարքով հանդես եկողներին չի հուզում այն, որ ուղիղ եթերով զարգացումներին հետևում են մեծ թվով քաղաքացիներ, իսկ ակցիայի վայրում կան կանայք, լրագրողներ: