Հասարակություն 

Ոստիկանությունը հրապարակել է 98 միլիոն դրամի զարդերի գողության տեսանյութը

Մայիսի լույս 5-ի գիշերը ոստիկանություն դիմած անձը հայտնեց, որ բացել են իրենց մեքենայի դուռն ու սրահից գողացել ոսկե և ադամադե զարդեր, որոնց ընդհանուր արժեքն, ըստ տուժողի՝ գերազանցում էր 200.000 դոլարը։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ գողության հատկանիշներով։ Մեքենայատերը ոսկու առ ու վաճառքով է զբաղվում։ Այդ օրը նա իր ոսկու խանութից զարդեր էր վերցրել տուն տանելու և օրվա ընթացքում մեքենայով այցելել էր տարբեր վայրեր։ Տուժողը տան բակում էր նկատել, որ մեքենայում թողած ոսկե և ադամանդե զարդերերով տոպրակները չկան։ Ահազանգից հետո նախ պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բուժհաստատություններից մեկի դիմաց։ Հանցագործության բացահայտմամբ սկսեցին զբաղվել ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, որոնք մանրակրկիտ ուսումնասիրեցին դեպքի հետ առնչվող, նույնիսկ աննշան թվացող մանրուքները։

Ոստիկանների ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ տուժողը մեքենան վաճառում էր, և վերջերս տարբեր անձինք եկել էին այն տեսնելու։ Քանի որ մեքենայի դուռը բացել էին հարմարեցված բանալիով, ուստի վարկած առաջ քաշվեց, որ հնարավոր է թվացյալ գնորդներից մեկը բանալին ինչ-որ կերպ պատճենահանած լիներ։ Հետախուզական միջոցառումները կենտրոնացրինք այս վարկածի իսկությունը ճշտելու ուղղությամբ:

Շուտով հայտնի դարձավ, որ գողությունից օրեր առաջ տուժողի գործընկերներից մեկը իր մտերիմի հետ եկել էր մեքենան տեսնելու։ Այդ ընթացքում նույնիսկ թվացյալ գնորդը այն վարել էր, ուստի չէր բացառվում, որ հենց այդ անձն էլ, նախնական վարկածով՝ պլաստիլինով պատճենել էր մեքենայի բանալին՝ հետագայում նույնատիպ բանալի պատրաստելու և մեքենայից գողություն անելու նպատակով։

Կարճ ժամանակում պարզվեց, այդ անձի ինքնությունը։ Պարզվեց նաև դեպքին նախորդած ժամերին նրա շարժը։ Եվ այսպես, մայիսի 4-ին տուժողը իր խանութից վերցրել է տոպրակներով զարդերը և մեքենայով շարժվել մայրաքաղաքի Խորենացու փողոցում գտնվող իր արտադրամաս։ Մի քանի օր առաջ նրա մեքենան տեսնելու եկած անձը մեքենայով և ոտքով հետևել է նրա շարժին՝ սպասելով Խորենացու փողոցում։ Երբ տուժողը դուրս է եկել արտադրամասից ու շտապել բուժհաստատությունում գտնվող ծնողին այցելության, նրան փողոցում սպասող անձը շարունակել է հետևել։ Տուժողը, հասնելով տեղ, մեքենան կայանել է բուժհաստատության ավտոկայանատեղիում և բարձրացել հիվանդանոց։ Րոպեներ անց մեքենային է մոտեցել նրան հետևած տղամարդը, կրկնօրինակ բանալիով բացել մեքենայի դուռը, վերցրել տոպրակներով զարդերն ու ոտքով հեռացել։ Այս ամենը պարզելուց հետո առաջ քաշված վարկածի իսկությունը հիմնավորվեց։ Նաև օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ գողությունը կատարած Արման Սահակյանը մենակ չի գործել, քանի որ հանցագործության ծրագրմանն ու իրականացմանը մասնակցել է նաև տուժողի գործընկեր Տիգրան Գասպարյանը, գտնվել է մեքենայում:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները 34-ամյա Սահակյանին ու 35-ամյա Գասպարյանին հայտնաբերեցին մայիսի 11-ին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ ձերբակալվեցին։

Հետագա միջոցառումներով՝ իրավապահները հայտնաբերեցին նաև գողոնը։ Տոպրակներով ոսկե և ադամանդե զարդերը թաքցված էին Արման Սահակյանի պապի գերեզմանոցում։ Զարդերն առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։

Երևանի բնակիչներ Արման Սահակյանին ու Տիգրան Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել։ Դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել ու տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից