Բարի օր Հասարակություն 

Փաստորեն, նոր Հայաստանում խոսքի ազատությունը չի ողջունվում. Նախարարության աշխատակցուհու և մամուլի խոսնակի պարզաբանումը

analitik.am

Այսօր՝ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակցուհի Գոհար Անակչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նախարարին մոտ կանգնած անձից ստացել է հեռախոսազանգ, որով տեղեկացրել են, որ նախարարն ասում է աշխատանքից ազատման դիմում գրի։ Այս հարցի հետ կապված Analitik.am-ը կապ հաստատեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանի հետ, ով ասաց, որ Գոհար Անակչյանը զբաղեցնում է փոխնախարար Հակոբ Ավագյանի օգնականի պաշտոնը. «Սակայն, պարոն Հակոբյանն արդեն չորս ամիս է, ինչ փոխնախարար չէ»։

Աննա Օհանյանի խոսքերով, այդ պաշտոնը հայեցողական պաշտոն է համարվում. «Տիկին Անակչյանի ուղիղ գործատուն հենց նախարարն, և նա էլ կարող է ազատել պաշտոնից ցանկացած պահի։ Գոհար Անակչյանը զբաղեցնում էր մի հաստիք, որն, ըստ էության, իրենից ոչ մի հանձնարարական և որևէ աշխատանք չէր ենթադրում, որովհետև ինքն անմիջական ղեկավար չուներ»։

Analitik.am-ը կապ հաստատեց նաև Գոհար Անակչյանի հետ, ով նշեց, որ, այո, փաստացի ղեկավար չի ունեցել. «Ինքս ուղիղ մեկ շաբաթ հետո դիմել եմ աշխատակազմի ղեկավարի օգնականին՝ հանդիպում կազմակերպելու համար: Երկու օր անց  հանդիպել եմ աշխատակազմի ղեկավարին և  խնդրել իմ զբաղվածությունն ապահովել։ Աշխատակազմի ղեկավարի կողմից դա ողջունվել է և առաջարկություն եմ ստացել համագործակցել նախարարության քարտուղարության հետ: Ունեմ 3 ամսվա աշխատանքիս դիմումների մուտքագրումների սքրինները, որոնք  կարող եմ տրամադրել՝ որպես հիմք: Այնպես չի, որ ղեկավար չեմ ունեցել և ոչինչ չեմ արել, ես բավականին խիտ գրաֆիկով աշխատել եմ և պարտաճանաչ արել բոլոր հանձնարարությունները, որոնք տրվել են»:

Աննա Օհանյանը  նաև նշել էր, որ Գոհար Անակչյանի  կողմից եղել են խախտումներ. «Դրսևորվել են ուշացումների և բացակայության դեպքեր, ինչը հիմք է կարգապահական վարույթ հարուցելու համար։ Նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը, որպեսզի կարգապահական վարույթ չհարուցի, բարի կամք է դրսևորել փոխադարձ համաձայնությամբ լուծել առկա խնդիրը, զանգահարել և առաջարկել է Գոհար Անակչյանին գնալ այդ ճանապարհով»։ Օհանյանը նաև տեղեկացրել էր, որ եթե մերժվի առաջարկությունն, ապա նախարարությունը կարգապահական վարույթ կհարուցի և նախարարության ցանկացած քայլ կդրսևորվի օրենքի շրջանակներում։

Այս մասով Գոհար Անակչյանը հայտնեց, որ չի եղել նման բան, իրեն ոչինչ չեն առաջարկել, այլ զանգել են և ասել, որ նախարարն ասում է ազատման դիմում գրի. «Ինչ վերաբերում է ուշացումներին ու բացակայություններին, ապա  մեկ անգամ է եղել նման դեպք, ես ինքս բացատրագիր եմ գրել, որ հիվանդ եմ: Անցյալ ամիս բացակայություն է եղել մեկ անգամ, որի համար բացատրագիր չեմ գրել,  սակայն  նույնիսկ աշխատավարձիցս պահում չեն արել՝ այսինքն կամ աչք են փակել, կամ իրենց հետաքրքիր չի եղել, դա նույնպես իրենց բացթողումն է, այլ ոչ թե իմը:  Ինձ չեն ասել, որ քեզ աշխատանքից հեռացնում ենք ուշացման կամ բացակայության  համար, այլ ուղղակի ասել են՝ նախարարն ասում է՝ դիմում գրի, երբ հարցրեցի, բայց ինչի՞ համար, ասաց, որ նախարարն է ասել և վերջ:  Այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ որևէ զգուշացում չի եղել, որևէ մեկն ինձ ոչինչ չի ասել ուշացման հետ կապված, ուղղակի այսօր զանգել են և փոխանցել նախարարի ասածը, որ դիմում գրեմ: Եթե որևէ խախտում եմ արել, ապա ինչո՞ւ չեն տեղեկացրել, կամ աշխատավարձից պահում չեն արել: Ի դեպ, իմ լավ աշխատանքի համար ստացել եմ նաև պարգևատրում՝ անցյալ եռամսյակում»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու են որոշել հիմա ազատել աշխատանքից, Անակչյանը նշեց, որ իր կարծիքով, պատճառը խոսքի ազատության բացակայությունն է.  «Աշխատանքից դուրս գալու իրենց պահանջը, կարծում եմ պայմանավորված է սոցցանցերում իմ կողմից գրված քննադատական ստատուսների հետ: Ես այդպիսի մարդ եմ, միշտ էլ արտահայտել եմ իմ կարծիքը, երբ նկատել եմ բացասական երևույթներ՝ անկախ նրանից, թե ով է իշխանություն կրողը, հիմա էլ իմ ՖԲ էջում  քննադատում եմ այն ամենն, ինչ համարում եմ թերի, սխալ: Փաստացի, խոսքի ազատության բացակություն է նշանակում սա: Փաստորեն,  նոր  Հայաստանում կարծիքի ազատ արտահայտումը, խոսքի ազատությունը  չի ողջունվում»:

Անակչյանը նաև նշեց, որ Աննա Օհանյանի նշած բարի կամքի դրսևորում պետք չի որևէ պարագայում. «Ես ինքս դեմ եմ, երբ պետական համակարգում աշխատողի նկատմամբ բարի կամք է դրսևորվում, իսկ եթե դրսևորում են, ապա  պարտավոր են մինչև վերջ դրսևորել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոհար Անակչյանն իր ՖԲ էջում հրապարակում էր արել այն մասին, որ իրեն զանգել և ասել են՝ նախարարն ասում է՝ ազատման դիմում գրի:

Նույն շարքից