Գլխավոր Իրավական 

Ի՞նչ խոսակցություն է եղել 2008-ի հայտնի խորհրդակցության ժամանակ, ովքեր են մասնակցել և ինչ է ասել Սերժ Սարգսյանը հարցաքննության ժամանակ

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հատվածներ հրապարակեց Արշակ Կարապետյանի ցուցմունքից, որում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ. «Փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը Պաշտպանության նախարարության, ԱԱԾ և Ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների, ուժային կառույցների բարձրաստիճան ղեկավարների և առանձին ստորաբաժանումների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել, եթե չեմ սխալվում մինչև ՊՆ ստորաբաժանումների ղեկավարների դահլիճ մտնելը, նախագահն առանձին խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հետ, ուժային նշված կառույցների ղեկավարներից հետո ՀՀ ՊՆ ղեկավարությունն է ներս մտել՝ այդ թվում ՀՀ ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը: Ի դեպ, եթե չեմ սխալվում, խորհրդակցությանը ներկա էին միայն ղեկավար անձնակազմը, Քոչարյանի հետ նույն սենյակում էր նաև վարչապետ, հաղթող նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Խորհրդակցությունը սկսվեց լարված մթնոլորտում, բառացի դժվար թե կարողանամ մտաբերել»:

Այստեղ դատախազության ներկայացուցիչն առարկեց, որ Հայկ Ալումյանը հրապարակի ցուցմունքները, նախագահող դատավորն էլ ընդունեց առարկությունը՝ նշելով, որ եթե բոլոր ցուցմունքները հրապարակվի, ապա ամիսներ կտևի գործի քննությունը, ինչին ի պատասխան Ալումյանն ասաց, որ հրապարակում է միայն այն հատվածները, որոնք կարևոր են և շարունակեց ընթերցել ցուցմունքից հատված. «Խոսք գնաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի և Երկրապահ կամավորական միության մասին՝ մասնավորապես այն մասին, որ Մ. Գրիգորյանը և որոշ մաս երկրապահներից միացել էին ընդդիմադիր քաղաքական ուժերին, խոսք գնաց նաև Մանվել Գրիգորյանի և ԵԿՄ անդամների զինվածության մասին, ինչն իրենից վտանգ էր ներկայացնում: Այդ քննարկման ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին հարց ուղղեցին՝ թե որտեղ է Մանվել Գրիգորյանը, Միքայել Հարությունյանը պատասխանեց, որ տեղյակ չի: Նրան մեղադրեցին, որ չի տիրապետում իրավիճակին, քանի որ տեղյակ չի, թե իր նախարարությունում ինչ է կատարվում»:

Այստեղ նորից դատախազության ներկայացուցիչը միջնորդեց, որպեսզի Ալումյանը չներկայացնի ամբողջական ցուցմունքը, նախագահող դատավորն ընդունեց առարկությունը և հորդորեց Ալումյանին հրապարակել ոչ թե ամբողջական ցուցմունքը, այլ հղում կատարելով ցուցմունքին հայտնել իր կարծիքը, որին ի պատասխան Ալումյանն ասաց, որ ինքն իր ձևով է ներկայացնում: Դատավորն ասաց, որ հնարավորինս սեղմ գոնե ներկայացվի, Ալումյանը շարունակեց ընթերցել ցուցմունքից հատվածներ.

«Դրանից հետո, որքան հիշում եմ Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ այսօրվանից 00:00 ժամից հետո հայտարարում եմ արտակարգ դրություն, տեսեք՝ եկանք, հասանք այն բանին, որ Արշակ Կարապետյանի ցուցմունքը մեղադրանքի կողմից Ձեզ վկայակոչվում է՝ որպես հիմնավոր կասկած առաջացնող, մեղադրողներն ուրիշ ձև են ներկայացնում, ստեղ տեսեք, թե ինչ է ասվում՝ դրանից հետո հնչեց Սերժ Սարգսյանի առաջարկը, որ ստեղծվի առանձին զինվորական վարչակազմ՝ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, քանի որ նա էր Երևան քաղաքի կայազորի պետը: Նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարել է 2008 թվականի մարտի 1-ի գիշերը, չնայած նրան, որ Ռոբերտ Քոչարյանը զինված ուժերում արտակարգ դրություն հայտարարել էր 2008 թվականի փետրվարի 23-ին: Այսինքն՝ ՀՀ Գլխավոր գերագույն հրամանատարը թեկուզ բանավոր հրաման էր տվել, ինչն էլ ՀՀ Պաշտպանության նախարարը կատարել էր: Սա այն է, ինչի վրա մեղադրող կողմը հղում է անում, բայց պետք է օբյեկտիվ լինել, փաստարկներ ներկայացնել»:

Ալումյանը նաև նշեց, որ մնացած բոլոր ցուցմունքներով հերքվում է Արշակ Կարապետյանի ասածը՝ ընթերցելով հատված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքից. «Սերժ Սարգսյանը հերքել է Արշակ Կարապետյանի ասածը՝ հայտնելով՝ մանրամասներ չեմ հիշում, երկար ժամանակ է անցել, խորհրդակցությունը հրավիրել էր Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել են զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմը, ընդհանուր նպատակն է եղել զինված ուժերի ղեկավար կազմին նախազգուշացնել , որ ցուցարարների ղեկավարները պրոցեսների մեջ են ներգրավվում զինված ուժերի սպաներին, այսինքն՝ նպատակն է եղել նախազգուշացնել, որ սպաները չներգրավվել պրոցեսների մեջ: Նախազգուշացնել, որ նրանց է միացել փոխնախարարներից մեկը»:

Նույն շարքից