Բարի օր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Ըստ լուրերի, Հայաստանում տարածաշրջանի ամենամեծ չինական դեսպանատունն է կառուցվում. Քաղաքագետները՝ Փաշինյանի Չինաստան այցի մասին

analitik.am

Այսօր՝ մայիսի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է ՉԺՀ-ում։ Այնտեղ վարչապետը մասնակցելու է «Ասիական քաղաքակրթության երկխոսության խորհրդաժողովին»։ Analitik․am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, խոսելով հայ-չինական հարաբերությունների և վարչապետի այցի մասին նշեց, որ ՀՀ վարչապետն այնտեղ անելու շատ բան ունի․ «Հիմնական անելիքներն առջևում են, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, տեսնում ենք, որ կա երկուստեք հետաքրքրվածություն էապես և որակապես փոփոխելու հայ-չինական հարաբերությունները և տնտեսական բաղադրիչները։ Չինաստանը Հայաստանի համար լրջագույն գործընկեր է, կարծում եմ՝ արվել է շատ կարևոր, բայց առաջին քայլը և չպետք է կորցնենք ժամանակը»։

Հայ-չինական հարաբերությունների ակնկալիքների մասով պարոն Մեհրաբյանը նշեց, որ վերջին անգամ երկրի ղեկավարի մակարդակով այց դեպի Չինաստան եղել է Սերժ Սարգսյանի այցը․ «Այն ժամանակ պայմանավորվածությունները չիրականացան տարբեր պատճառներով, հիմա պետք է այդ ամենը տեղափոխել գործնական դաշտ, ուղղակի պետք է հնարավորությունը ճիշտ օգտագործել»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքերով էլ, Չինաստանն ամեն ինչ անում է, որպեսզի վերականգնի «Մեկ գոտի, մեկ ուղի» ծրագիրը․ «Այդ ծրագրի վերականգնումը կարևոր տնտեսական գործոն է Չինաստանի համար և Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու շահագռգռվածությունը կայանում է նրանում, որ ծրագրով նախատեսված մի ուղին անցնելու է ՀՀ-ով, այս տեսանկյունից շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանա լուրջ պայմանավորվածություն և Չինաստանից մեսիջներ ձեռք բերել»։

Քաղաքագետը չինական կողմի հետաքրքրությունը ներկայացրեց նաև այն հանգամանքով, որ իր տեղեկությունների համաձայն, ներկայումս Հայաստանում տարածաշրջանի ամենամեծ չինական դեսպանատունն է կառուցվում։ Վարդանյանը նշեց նաև թուրք-չինական հարաբերությունների մասին․ «Չինաստան-Թուրքիա հարաբերություններն այդքան էլ լավ վիճակում չեն և հնարավոր է, որ տարածաշրջանում՝ որպես Թուրքիային հարևան, բայց ոչ բարեկամական կապեր ունեցող երկիր, Հայաստանը հետաքրքրի Չինաստանին»։

Արտյոմ Առաքելյան

Նույն շարքից