Հասարակություն Հարցազրույց 

Ո՞րն է հայկական ընտանիքը. Մեկնաբանում է Տեր Եսայի քահանա Արթենյանը

analitik.am

Այսօր՝ մայիսի 15-ին, ընտանիքի միջազգային օրն է նշվում ամբողջ աշխարհում։ Հայկական ընտանիքի մասին Analitik.am-ը զրուցեց ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանի հետ, ով նշեց, որ հայկական ընտանիք ասվածը հաճախ նույնացվել և նույնացվում  է նահապետական ընտանիքի հետ, որտեղ հայրը եղել է բռնակալ, իսկ ընտանիքի մյուս անդամները պարտավոր են եղել լսել իրեն․ «Իրականում, դա այն է, երբ ընտանիքի բոլոր անդամները համախմբվում են սիրո շուրջ, ամեն մեկն իր տեղն ու պատասխանատվության չափն ունի։ Առհասարակ, ընտանիքը Դրախտում հաստատված մոդելն է, որի նպատակն արարչության շարունակությունն է, բարոյական արժեքները, ավետարանական ճշմարտություններում ամրագրված քրիստոնեական պատգամները»։

Հոգևորականի խոսքերով, հայկական ընտանիքի մոդելը բացառապես քրիստոնեական արժեքների հիման վրա է հիմնված․ «Պսակի խորհուրդն էլ կայանում է ճշմարտության շրջանակներում, ինչպես Քրիստոսն էլ միացավ հարս եկեղեցուն, այն սրբության և բարոյականության հիմքի վրա»։

Ընտանիքը, ըստ Տեր Եսայիի, հասարակության հիմքն է․ «Ընտանիքից է ծնվում մեր հասարակության յուրաքանչյուր քաղաքացի, ընտանիքն իր մեջ ամփոփում է ամեն ինչ։ Եթե մենք ասում ենք, որ ընտանիքը պետության հիմքն է, նկատի ունենք, որ ընտանիքից է դուրս գալիս պետության ապագա այն քաղաքացին, ով իր տարբեր գործառույթներն ունի հասարակական կյանքում»։

Նշենք, որ այս օրը հայկական տոնացույցում ընդգրկելու նախաձեռնողը եղել է «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ  Խաչատուր Մարոզյանը:

Նույն շարքից