Հասարակություն 

99 տարի ազատազրկում՝ հղիության ընդհատում իրականացրած բժշկի համար. ԱՄՆ Ալաբամա նահանգում կարգելվի հղիության ընդհատումը

analitik.am

ԱՄՆ Ալաբամա նահանգի սենատն ընդունել է օրենքի նախագիծ, որով արգելվում են հղիության ընդհատումները՝ հղիության ամբողջ ժամանակահատվածում: Սենատորները նաև մերժել են բացառությունները՝ բռնաբարության դեպքերի հետ կապված: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Օրենքի նախաձեռնության օգտին քվեարկել է 25 օրենսդիր, միայն 6-ն են դեմ քվեարկել: Այս փաստաթուղթն ԱՄՆ-ում համարել են հղիության ընդհատման հետ կապված  բոլոր նահանգներում եղած օրենսդրություններից ամենախիստը:  Այս պահին փաստաթուղթն ուղարկվել է Ալաբամայի նահանգապետին՝ ստորագրման համար: Նշվում է, որ նահանգապետն, ամենայն հավանականությամբ, կստորագրի այն, քանի որ հստակ դիրքորոշում ունի այս հարցի հետ կապված՝  դեմ է  հղիության ընդհատումներին:

Օրենքն ուժի մեջ մտնելու դեպքում նահանգում կարգելվեն բոլոր տիպի հղիության ընդհատումները, բացառությամբ այն դեպքերի, երբ մոր առողջությանը վտանգ է սպառնում: Հղիության ամբողջ ընթացքում հղիությունն ընդհատելու դեպքում կսահմանվի քրեական պատասխանատվություն և դա կհամարվի հանցագործություն՝ բժիշկներին կարող են դատապարտել մինչև 10 տարի ազատազրկման՝ հղիությունն ընդհատելու փորձի համար, և 99 տարվա ազատազրկման՝ փաստացի հղիության ընդհատում իրականացնելու համար: Սակայն, կինը, ով ընդհատել է հղիությունը չի ենթարկվի պատասխանատվության:

Օրենքի նախագծի հեղինակներից Տերրի Կոլինզը հայտարարել է, որ այս օրենքով սահմանվում է, որ մոր արգանդում գտնվող երեխան նույնպես մարդ է, ուստի չի կարելի նրան սպանել: Օրենքի հեղինակները նշում են, որ օրինական աբորտների միջոցով ավելի շատ մարդ է սպանվել, քան  «ստալինյան գուլագներում և կամբոջյան դաշտերում »:

Նույն շարքից