Հասարակություն 

Ինչո՞ւ ընտրվեց հենց մարտի 1-ը ցույց ցրելու համար՝ ըստ Գլխավոր դատախազի

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատական նիստի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ մեղադրական եզրակացությունը պաշտպանական կողմն աղճատված է ներկայացրել՝ նշելով, որ այս մեղադրանքը մեկ շղթայում է ներկայացված. «Սույն մեղադրանքի առարկան 2008 թվականի փետրվարն էր, ՀՀ Սահմանադրությունն ուներ հիմնադրույթներ, որ ՀՀ-ն իրավական, ժողովրդավարական պետություն է, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների միջոցով և այս համատեքստում պարզ է, որ ընտրական գործընթացը միայն քվեարկության օրը չէ, այլ նաև այդ արդյունքների վիճարկումը: Այս ամբողջ իրադարձություններն են այս գործի քննության առարկան դարձել: Ըստ գործով ձեռք բերված տվյալների, փետրվարի 23-ին, երբ դեռ ԿԸՆ-ն չէր հրապարակել ընտրությունների արդյունքները և դեռ հավաք իրականացնող քաղաքացիների կողմից հավաքի ոչ խաղաղ լինելու մասին որևէ տեղեկություն չկար և այս պայմաններում բարձրագույն իշխանության կրողը, ՀՀ պետության գլուխը ներքաղաքական իրադրության հարցերը քննարկում է բանակի ղեկավարության հետ:

Մեր դիրքորոշմամբ, սա մի գործողություն է, որը հակասում է սահմանադրությանը, քանի որ ՀՀ Սահամանդրությամբ բանակը չի կարելի ներգրավվել քաղաքականությանը: Այս խորհրդակցությունից ժամեր անց հետևում է ՀՀ Պաշտպանության նախարարի հայտնի 0038 հրամանը: Պաշտպանական կողմը նշում է, որ պաշտպանության երկու փոխնախարարների կատարած գործողությունների պատճառով է կայացվել նման հրաման, սակայն այս դեպքում պետք է լիներ կարգապահական վարույթ, այդ փոխնախարարների արարքը հանցագործություն էր, բայց այս քրեական գործով մենք ձեռք բերել տվյալ, որ կարգապահական վարույթ է իրականացվել»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է հենց Արշակ Կարապետյանի ցուցմունքը բերվում մեղադրական կողմից՝ որպես հիմք, Դավթյանը նշեց, որ խորհրդակցության մյուս մասնակիցները չեն հիշում, թե ինչ է ասել Քոչարյանը, այլ ոչ թե հերքում են վերջինիս ցուցմունքը: Գլխավոր դատախազը նշեց, որ իրենք համոզված են, որ Քոչարյանը բանակը քաղաքականության մեջ ներքաշելու փորձ է կատարել. «Եթե խոսքը վերաբերեր բանակը զորանոցային վիճակին բերելուն, ես կհասկանայի, որ դուրս չգային զինվորները, բայց ընդհակառակն էր՝ այդ զորքերը՝ այդ թվում սահմանային դիրքերից, տեղափոխվել են մայրաքաղաք, որտեղ կիզակետն էր քաղաքական իրադարձությունների: Պարապմունքներ են անցկացվել, որ զինվորականները պատրաստ լինեն ցույցը ցրելուն»:

Դավթյանը նաև նշեց, որ ոստիկանության մեծաթիվ ուժեր անհամաչափ և ապօրինի ձևով ցրել են ցույցը՝ ասելով, որ դրանք հիմնավորված են բազմաթիվ ձեռք բերված ցուցմունքներով:

Նա նաև խոսեց այն մասին, թե ինչո՞ւ ընտրվեց հենց մարտի 1-ը ցույց ցրելու համար, վերջինս ասաց, որ, իրենց կարծիքով, հենց այդ օրն ընտրվեց, քանի որ արդեն մայրաքաղաքում էր պատրաստված զորք՝ ցույցը ցրելու համար:

Նույն շարքից