Արցախի իշխանությունները պատրաստ են թույլ տալ ձերբակալված ադրբեջանցի զինվորների ազգականներին այցելել իրենց հարազատներին: Այս մասին Բաքվին տեղեկացվել է միջնորդների օգնությամբ: Սակայն մինչև այս պահն ադրբեջանական կողմից որևէ դիմում չի եղել: Այս մասին հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք պատրաստակամություն ենք հայտնել ընդունել դիվերսանտների հարազատներին, եթե նրանք ցանկանան այցելել իրենց ազգականներին: Դեռ դիմում չի եղել: Մենք մեր պատրաստակամության մասին հայտնել ենք ԿԽՄԿ-ի, ԵԱՀԿ-ի և միջնորդների միջոցով»,-ասել է Մայիլյանը:
Մայիլյանը հավելել է, որ ԿԽՄԿ-ն առանց խոչընդոտների այցելում է վերոնշյալ անձանց. «Մեր տեղեկություններով, նրանք ապահովում են կապն այդ մարդկանց և հարազատների միջև: Պարտադիր չէ, որ այն լինի հեռախոսազանգերի տեսքով»: