ԱՄՆ նահանգներից 9-ը , այդ թվում նաև Կալիֆորնիան, ճանաչել են Արցախի անկախությունը՝ որոշման մեջ ամրագրելով հենց Արցախ անվանումը: Այս մասին հայտնել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Վերջինն Արցախի անկախությունը ճանաչել է Կոլորադոն:
«Ճանաչումը տեղի է ունենում օրենսդիր մարմնի որոշմամբ: Այդ որոշման մեջ խոսվում է Արցախի Հանրապետության մասին: Ճանաչվում է ինքնորոշման իրավունքը և նշվում է մեր պետության ամբողջական անվանումը: Որոշ դեպքերում նաև կոչ կա ուղղված դաշնային կենտրոնին ընդունել նման որոշում»,-ասել է Մայիլյանը:
Արցախի ԱԳ նախարարը նշել է, որ գրեթե ամեն տարի Արցախ են այցելում ամերիկացի կոնգրեսականներ՝ ափսոսանք հայտնելով, որ ռուսաստանցի պատգամավորները վերջին շրջանում չեն այցելում Ստեփանակերտ. «Մենք հիմա աշխատում ենք Արցախի և Ռուսաստանի միջև ավանդական կապը վերականգնելու համար»,-ասել է Մայիլյանը՝ հավելելով, որ վերջին այցը եղել է 2012 թվականին: