Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Փաշինյանի հայտարարությունը բացասաբար է ընդունվել ԱՄՆ-ում. Վաշինգտոնում չեն հասկանում այդ հայտարարության իմաստը

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ պրագմատիկ մարդ է, ԱՄՆ  կառավարությունը գնում է պրագմատիկ աշխատանքի ճանապարհով: ԱՄՆ-ի այս նախագահի համար փոխգործակցության մեջ «փոխ» հատվածը շատ կարևոր է: Նա բիզնեսի մտածելակերպ ունեցող մարդ է, հաջողակ բիզնեսմեն է, հաջողակ ղեկավար: Նա ցանկանում է իմանալ՝ եթե իրենից ինչ-որ բան են ուզում, ի՞նչ են դրա դիմաց տալու: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ հարց բարձրացնելով, թե ինչ կարող է Հայաստանը տալ ԱՄՆ-ին, որպեսզի փոխգործակցությունը լինի:

Քաղաքագետը հիշեցրեց ԱՄՆ դեսպանի խոսքերը, որ ԱՄՆ-ը վերջին 25-27 տարում 2 միլիարդի ֆինանսական աջակցություն է տվել Հայաստանին. «Նա համեստորեն չնշեց 88 թվականի մարդասիրական օգնությունը, որը հասել է մոտ 1 միլիարդի: ԱՄՆ-ը մեզ համար կարևոր ուղղություն է, սակայն այդ երկրի հետ մեր առևտրային հարաբերությունները խայտառակ վիճակում են: ԱՄՆ-ի 170-րդ բիզնես գործընկերն ենք: Սա այն դեպքում, երբ կա 193 պետություն ու մնացած պետություններից շատերի հետ ԱՄՆ-ն ընդհանրապես հարաբերություներ չունի»:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ինքը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին, Սարգսյանը նշեց, որ նոր է վերադարձել Վաշինգտոնից, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ. «Այդ հայտարարությունը բնականաբար բացասաբար է ընդունվել: Որովհետև չեն հասկանում, թե ինչ է ուզում ասել դրանով վարչապետը: Եթե ասում է, որ քննադատել է, պետք է ասի նաև, թե ինչու: Դեսպանն էլ ասաց, որ ԱՄՆ-ը հեղափոխությունից հետո աջակցել է՝ թե ընտրությունների կազմակերպմանը, թե ֆինանսական միջոցներ են տրամադրել նոր իշխանություններին, աջակցություն է եղել նաև քաղաքական հայտարարությունների մակարդակով: Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, երբ նա ընտրվել է վարչապետ: ԱՄՆ-ում համարում են, որ վերջին ժամանակահատվածում ակտիվ օգնել են Հայաստանին: Այս ամենը հաշվի առնելով՝ ԱՄՆ-ում չեն հասկանում, թե որն է այդ հայտարարության իմաստը»:

Սարգսյանի կարծիքով, Փաշինյանի հայտարարությունը նշանակում է, որ իրենք ավելի մեծ ակնկալիք ունեին ԱՄՆ-ից:

Նույն շարքից