Հասարակություն 

Երեխեքը միշտ եղել են էն կարմիր գիծը, որը երբեք, որևէ պարագայում չի կարելի անցնել. Նարեկ Մալյան

Գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս գիշեր մի պատմություն հիշեցի որը պատմեմ դուք էլ իմացեք:

23 տարեկանում աշխատում էի ռազմական ոստիկանության քրեական հետախուզությունում: Մի անգամ ես ու «նապառնիկս» պետք է Եղվարդ քաղաքից բերման ենթարկեինք մի քաղաքացու, ով կասկածվում էր բավական լուրջ հանցագործության մեջ: 2-3 օր իմ մեքենայով հետևում էինք այդ մարդուն և որպեսզի կասկած չհարուցեինք տաքսու նշան էի ամրացրել իմ 06-ի տանիքին: Երբ բոլոր ճշտումներն արդեն արված էին մի օր առավոտյան, երբ քաղաքացին տանից մեքենայով դուրս էր գալիս իմ մեքենայով մոտեցա և ձեռքով նշան արեցի, որ կանգնի: Ի զարմանս ինձ քաղաքացին չենթարկվեց և իր մեքենայով դիմեց փախուստի: Եղվարդի մայրուղու վրա սկսվեց հոլիվուդյան մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում: Հանկարծ հասկացա, որ հետապնդում եմ տաքսու նշանը տանիքին մեքենայով:

Հասկացա, որ քաղաքացին չի հասկացել թե իրենից ինչ են ուզում տաքսու մեջ նստած երկու տղամարդիկ ու վախից է դիմել փախուստի:

Խելահեղ արագության տակ, մի ձեռքով բռնելով ղեկը, մյուսով մի կերպ մեքենայի տանիքից հեռացրեցի տաքսու նշանը և փոխարենը տեղադրեցի ու միացրեցի ոստիկանական փարոսիկը: Հետապնդվող մեքենայի վարորդը տեսնելով իրեն հետապնդող տաքսիի փոխակերպումը ոստիկանական մեքենայի` աջ ընդունեց և կանգնեց:

Երբ ես այդ փախուստի փաստից մի քիչ տաքացած մոտեցա այդ մեքենային, բացեցի դուռը ու աշխարհը փլվեց...

Հետևի նստարանին նստած էր 9-10 տարեկան մի տղա ով այդ անհասկանալի հետապնդումներից վախեցած աչքերով ինձ էր նայում:

Մինչև հիմա չեմ մոռանա թե ինչպես սկսեցի ձևացնել, որ նրա հոր հետ վաղուցվա ընկերներ ենք ու այդ հետապնդումը ուղղակի խաղ էր:

Էս մարդուն աչքով արեցի ու երեխուն հարցնում եմ «տեսա՞ր ինչ կայֆ գոնկա էինք անում պապայիդ հետ»:

Էնքան խոսեցի հետը մինչև երեխան հավատաց, որ այդ ամենը խաղ էր: Հորը առանձին ասեցի երեխային ուղեկցումով միասին տանենք դպրոց ու գնանք մեր հետ, հավաստիացրեցի, որ որևէ վտանգ չկա, ինքն էլ տղամարդու խոսք տվեց, որ չի փախնի: Այդպես էլ արեցինք:

Ասածս ինչ է` էրեխեքը միշտ եղել են էն կարմիր գիծը որը երբեք, երբեք ու երբեք որևէ պարագայում չի կարելի անցնել...»։

Նույն շարքից