Բարի օր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Փաշինյանը շանտաժով ցրեց ԱԺ-ն, հիմա էլ ուզում է դատական իշխանությունը կուլ տալ. Էդուարդ Շարմազանով

analitik.am

Այսօր՝ մայիսի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում գրառում էր կատարել՝ քաղաքացիներին հորդորելով առավոտյան ժամը 08:30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: 

Analitik.am-ն այս մասին զրուցել է ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի հետ։

Պարոն Շարմազանով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սահմանադրական կարգի տապալման փորձ է՞, ինչպես շատերը մեկնաբանում են,  այն հակասո՞ւմ է ՀՀ սահմանադրությանը:

-Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ Սահմանադրական կարգի խախտման կոչեր է անում։ Նա դա արել է դեռ հոկտեմբերի 2-ին, երբ փողոցի ուժով պաշարեց ազգային ժողովը, երբ սպառնալիքի և շանտաժի ներքո ցրեց Ազգային ժողովը, և Օրենսդիր մարմինը կուլ տալուց հետո նա հիմա ուզում է ամբողջությամբ իրեն ենթարկել  դատական իշխանությունը։

Հայաստանը կդառնա բացարձակ ավտորիտար համակարգ և Հյուսիսային Կորեային կարող եք երանի տալ։

Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ հասարակությունն ու քաղաքական էլիտան լռում է, երբ «Շարմազանով 42» էին անում, ասում էին կամ ես կլինեմ վարչապետ, կամ ոչ ոք, երբ հոկտեմբերի 2-ին որևէ մեկն ԱԺ պատգամավորներին օժանդակության կոչ չէր անում, բնականաբար, եթե սա մարսեց, հիմա էլ մարդու սիրտը դատական իշխանություն է ուզում և նաև ամբողջական իշխանություն։

Սրա մեղավորը ոչ միայն Փաշինյանն է, այլ նաև այն քաղաքական ուժերն ու մարդիկ, ովքեր խելոք հետևել են Փաշինյանի կողմից իշխանության ապօրինի յուրացմանը։

Ի՞նչ եք կարծում, այդ հայտարարությունը ճնշո՞ւմ է դատարանների վրա, որոնք իշխանության առանձին ճյուղ են և պետք է անկախ լինեն:

-Դեռևս հոկտեմբերի 2-ին, նշել եմ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի բացահայտ իշխանություն, նա խախտում է սահմանադրությունը, խախտում է իշխանությունների տարանջատման սկզբունքը և կրկնում եմ, որ այսօր ունի ծափ տվող օրենսդիր մարմին, ցանկանում է ունենալ նույն ձև ծափ տվող և ենթարկվող դատարաններ, բա պոզով -պոչո՞վ է լինում դատարանների վրա ճնշումը և իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտումը։ Ակնհայտորեն գործադիրի ղեկավարը որևէ լծակ չունի օրինական  միջամտել թե օրենսդիրին և թե դատական իշխանությանը, դրա համար նա բանեցնում է ամբոխը, բա մեռա ասելով  ապրիլի 23-ից այս կողմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե վարչապետ է, այլ նեոբոլշևիկյան հեղկոմի նախագահ։ Մարդն էլ որպես հեղկոմի նախագահ՝ իր մոտ օրենք չունի, ինչպես յակոբինյաներն ու նեոբոլշևիկները, այնպես էլ ինքը գործում է ամբոխի ուժով, ամբոխին ժողովրդի տակ անց է կացնում ու անում է իր գործը։ 

Ակնհայտորեն և սահմանադրական կարգի տապալման փորձ է, բայց սա առաջին դեպքը չէ, բնականաբար, երբ  ուղղակի միջամտություն է անում իշխանության ինքնուրույն ճյուղի ձևավորմանը:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից