Քաղաքականություն 

Կոչ ենք անում ՀՀ Նախագահին ենթարկվել Սահմանադրությանը և օրենքներին, չներքաշվել արկածախնդրության մեջ

analitik.am

Մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր համախոհներին՝ հաջորդ առավոտվանից շրջափակել ՀՀ բոլոր դատարանները։

Լինելով գործադիր իշխանության ղեկավար, և նաև խորհրդարանական մեծամասնության փաստացի առաջնորդ, այս քայլով Նիկոլ Փաշինյանը փորձ է կատարում իր համակիրների ձեռքերով կոպիտ ճնշում գործադրել դատական իշխանության վրա, որը մեր սահմանադրությամբ անկախ է գործադիրից, և կոչված է երաշխավորել մեր բոլորի սահմանադրական իրավունքները։ Այս քայլը միտված է պետության մեջ իշխանության տարբեր թևերի միջև հակակշիռների գործող կարգի տապալմանը, և կարող է մեր երկիրը տանել անկանխատեսելի զարգացումների ճանապարհով, բերել քաղաքացիական ծայրահեղ լարվածության և ներհայկական անկայունության, ինչպես և արտաքին ագրեսիայի։

Մենք կոչ ենք անում բոլոր ազգային ուժերին՝ համախմբվել այս լրջագույն պահին, և կանխել իշխող մեծամասնության կողմից նախածրագրված քայլերի իրականացումը։ Մենք կոչ ենք անում նաև ՀՀ Նախագահին, մեր երկրի բոլոր իրավապահ մարմիններին՝ ենթարկվել Սահմանադրությանը և օրենքներին, չներքաշվել արկածախնդրության մեջ, և ապահովել երկրի բոլոր քաղաքացիների անվտանգությունը և սահմանադրական իրավունքները։

«Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհուրդ

 

Նույն շարքից