Հասարակություն 

Մի պահ պատկերացնենք, որ նույն կերպ են վարվում մեզ հետ, ի՞նչ կզգայինք

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ո՞ւմ մտքով կանցներ, որ հանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու հետևից երկուսուկես տասնամյակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրա: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ մի բուռ ժողովրդին կարող են սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանել ու թոռների հետ զբոսանքի դուրս եկած ազատամարտիկին` ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանին, հարձակման թիրախ դարձնել օրը ցերեկով՝ երեխաների աչքի առջև:

Մի կողմ թողնելով նրա կուսակցական պատկանելությունը, Արցախյան ազատամարտի մասնակից լինելու հանգամանքը` մի պահ պատկերացնենք, որ նույն կերպ են վարվում մեզ հետ, ի՞նչ կզգայինք: Գոնե ես նախորդ տարվա այս օրերին սեփական մաշկի վրա զգացել եմ՝ ինչ է նշանակում մեկ օրում օտարանալ այն հարազատների համար, որոնց համակարծիք չես: Այժմ, փաստորեն, պետք է շնորհակալ լինեմ նրանց, որ ֆիզիկական բռնություն չեն գործադրել, այլ միայն քամահրանքի ու սաստող հայացքների են արժանացրել:

Ինչքան էլ իշխանության եկած նորեկները հայտարարում էին սիրո ու հանդուրժողականության մասին, դեպքերի զարգացումներն ու հասարակության ներսում առաջացած անջրպետի խորացումն այլ բանի մասին են գուժում: Դեռ այն ժամանակ ես հույս ունեի, որ երկրի մտավորականությունը, արվեստագետները, մարդիկ, որոնց խոսքը փոքրիշատե լսելի է ու հարգանքի արժանի հասարակության համար, հայտարարություններ կանեն՝ փորձելով մեղմացնել օր օրի ահագնացող ատելության մթնոլորտը: Բայց մտավորականների միակ արարքն Օպերային թատրոնում վարչապետի հետ հանդիպումն ու նրան կենաց հիշեցնող դիֆիրամբներ ձոնելը եղավ:

Նախորդ իշխանությունների կողմից հատկացված միջոցներով՝ պետական կամ մասնավոր, ֆիլմեր նկարահանած ռեժիսորներից մեկը, պարզվեց, չէր հասկացել՝ տեղի ունեցածը` իշխանափոխությունը, երա՞զ է, թե՞ իրականություն:

Մտավորականությունը լռեց նաև այն ժամանակ, երբ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող գերատեսչությունը՝ Մշակույթի նախարարությունը, օպտիմալացնելու որոշում կայացվեց: Կարևորը փողը լինի, ֆիլմ նկարեն, գիրք տպագրեն, շրջագայեն երկրե երկիր, երգեն իշխանական խնջույքներին, հոգ չէ, թե ազգային մշակույթն ու դիմագիծը պահպանելու կարևորագույն հարցն անտեսում են:

Եթե հանկարծ իրավիճակի փոփոխություն տեղի ունենա, ու այժմյանները նախկին դառնան՝ այդ ժամանակ էլ նորեկներին «երազի ու իրականության» ձոնը կասեն: Որոշ մտավորականներ վրդովված կեցվածք ընդունեցին Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու ժամանակ, հստակեցրին՝ կբողոքեն այնքան ժամանակ, քանի դեռ Օրբելյանը չի վերականգնվել պաշտոնում:

Դեպքից անցել է շուրջ երկու ամիս, թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի, Օրբելյանն այդ պաշտոնում, ըստ երևույթին, չի վերականգնվի, իսկ արվեստագետները մոռացել են, որ միջադեպը դատապարտող հայտարարություն էին տարածել ու ստորագրել դրա տակ: Քաղաքական խաղերի մեջ ներքաշված մտավորականությունը, իհարկե, նոր չէ, բոլոր ժամանակներում էլ իշխանության ներկայացուցիչներին շոյել է, երբ իրենց հաճոյախոսել են հասարակության շրջանում համբավ ունեցող մարդիկ: Բայց նրանց թիվ մեկ առաքելությունը պետք է լինի մարդկանց մշակութային ու կրթական մակարդակի բարձրացումը, անհրաժեշտ պահին հայտարարություններ անելը, կոչով հանդես գալը, սթափ դատելու ու գեղեցիկը տեսնելու հորդոր հնչեցնելը:

Այս օրերին մեզ համար անթույլատրելի ժանտախտը՝ հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը, որ կարող է կործանարար լինել ամբողջ պետության համար, կրկին գլուխ է բարձրացրել: Եվ այդ տարանջատումը հրապարակ է նետվում, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի շուրթերով: Ու կրկին լռում են մտավորականները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից