Բարի օր Գլխավոր Քաղաքականություն 

Նիկոլ, ո՞նց չես ճանաչում ինձ, ես ու դու ենք սկսել այս պայքարը. Միջադեպ՝ քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ վարչապետին

analitik.am

Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳԱԱ-ում մասնակցեց «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանում» գիտաժողովին: Գիտաժողովին մասնակցելուց հետո ՀՀ վարչապետը չպատասխանեց լրագրողների հարցերին և անմիջապես հեռացավ՝ անպատասխան թողնելով նաև հարցը, որը վերաբերում է Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելուն:

Երբ վարչապետը հեռանում էր, ակադեմիայի շենքի բակում միջադեպ տեղի ունեցավ: Մի քաղաքացի փորձում էր իր խնդրով խոսել անձամբ վարչապետի հետ, սակայն վերջինս հեռացավ, իսկ անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին այդ տղամարդուն, մոտենալ գործադիրի ղեկավարին. «Ախր ո՞նց չես ճանաչում, ես ու դու ենք սկսել այս պայքարը, դու ինձ չես ճանաչո՞ւմ: Նիկոլ ջան տեր կանգնի, մեղք ենք: Միայն դատարանները չեն, քո շրջապատը լրիվ խայտառակ է անում մեզ, պաս են տալիս դրանք, հերս անիծել են, 14 տարվա տունս հարամեցին գլխիս»,-հայտարարեց այդ քաղաքացին:

Երբ վարչապետը հեռացավ, այդ քաղաքացուն մոտեցավ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նշյալ քաղաքացին, դիմելով վարչապետի խոսնակին, հայտարարեց, որ նախորդ իշխանությունների դեմ ինքն ու Նիկոլ Փաշինյանն են պայքարել. «Երբ մենք պայքարում էինք, հլը դուք չկայիք: Այսօր բոլոր համակարգերում մնացել են սերժական, քոչարյանական կադրերը: Կառավարությունում Ալեքսանդր Ղազարյան կոչեցյալը քանի՞ վարչապետ է փոխել: Նա էլի նույն խելքին է: Ես այն ժամանակ դիմել եմ, որ իմ տունը հարամել են: Արդեն սաղ ճանաչում են ինձ:

Նիկոլն ուխոդ արեց, ինքն ինձ շատ լավ է ճանաչում, եթե չճանաչի, ես ճանաչել կտամ: Իրա թերթով, Աննայով, Հայկով ինձ օգնել են, շնորհակալություն Աննային, Հայկին, իրենց խմբագրությանը: Սակայն վերջերս զգում եմ, այդ խմբագրությունն արդեն այն չէ»:

Վերջոմ այդ քաղաքացին ասաց, որ առանց աշխատավարձի կարող է խորհրդական աշխատել կառավարությունում. «Թե չէ էս ո՞ւր եք տանում էս երկիրը»:

Հարցին, թե ով է ինքը, բողոքող քաղաքացին ասաց, որ աբարանցի է, Նորիկ Եփրեմյան՝ հավելելով, որ լրագրողների մեջ էլ 80 տոկոսը շուռ տված են, պետք է ուշքի գալ:

Նույն շարքից