Քաղաքականություն 

Դեսպան Ներսեսյանի մասնակցությունը ՀԱԵ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդի անդրանիկ եպիսկոպոսական պատարագին

analitik.am

Մայիսի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մեկնեց Նյու Յորք` մասնակցելու Սբ. Վարդան տաճարում Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի կողմից մատուցված անդրանիկ եպիսկոպոսական պատարագին: Ներկաների թվում էին Հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ, օտարերկրյա եկեղեցական առաջնորդներ, դիվանագետներ, ԱՄՆ Արևելյան թեմի համայնքի ներկայացուցիչներ:

Ավելի ուշ դեսպան Ներսեսյանը ելույթ ունեցավ Սբ. Ներսես վարժարանի կողմից Արևելյան թեմի նախկին առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և նորընտիր առաջնորդ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի պատվին կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում: Դեսպան Ներսեսյանն իր խոսքում շնորհավորեց Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանին իր եպիսկոպոսական ձեռնադրության կապակցությամբ ու հաջողություն մաղթեց նրան` ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդի պաշտոնում: Դեսպան Ներսեսյանը նաև երախտագիտություն հայտնեց թեմի առաջնորդի պաշտոնը 28 տարի շարունակ զբաղեցրած նախկին առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին` շնորհավորելով նրան Արևմտյան Եվրոպայում հայ առաքելական եկեղեցու պատվիրակի ու Վատիկանում Մայր Աթոռի ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Դեսպան Ներսեսյանն անդրադարձավ նաև Մերձավոր Արևելքի քրիստոնյա փոքրամասնություններին պաշտպանելուն ուղղված Հայաստանի ջանքերին և մեր երկրի դերակատարությանը` որպես Եվրոպայում սիրիացի փախստականներին ընդունող 3-րդ երկիր` մեկ շնչին բաժին ընկնող եկամտի հաշվով, ինչպես նաև այս ոլորտում ԱՄՆ հետ համագործակցության հեռանկարներին:

Նույն շարքից