ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) կողմից կազմակերպված ամառային ուսանողական ծրագրի շրջանակներում Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների: Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանն ուսանողներին է ներկայացրել Արցախում պետականաշինության գործընթացը, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները, անդրադարձել երկրի արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին:
Նախագահը կարևորել է Սփյուռքի հետ կապերի շարունակական ամրապնդումը՝ այս համատեքստում հատուկ նշանակություն տալով սփյուռքահայ երիտասարդների այցելություններին Հայաստան և Արցախ, պատմական Հայրենիքում ապրելուն ու աշխատելուն:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունն այս ուղղությամբ՝ այն համարելով պահանջված և կարևոր:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը, պաշտոնատար այլ անձինք: