«Թավշյա հեղափոխության ժամանակ մենք փողոցում էինք ոչ միայն Սերժին, այլ նաև ստի ու կեղծիքի վրա հիմնված ամբողջ քաղաքական դաշտին ու իշխող էլիտային մերժելու համար։
Մենք դա անում էինք սիրո և համերաշխության մթնոլորտում ու սահմանադրականության շրջանակներում, որովհետև համոզված էինք, որ ատելությամբ կամ ապօրինությամբ անհնար է շարժվել դեպի ժողովրդավարացում։
Ըստ էության, նախկին մերժված էլիտան, որը շարունակում է տիրապետել ահռելի ֆինանսական և լրատվական ռեսուրսների, ինչպես նաև ունի դաշնակիցներ պետական կառավարման և դատական համակարգերում, սա ընդունեց որպես թուլություն և շանս՝ կասեցնելու Հայաստանի ժողովրդավարացումը։ ԵՒ այս ճանապարհին նրանք չեն խորշում օգտագործել նույնիսկ Արցախում և Արցախի շուրջ տիրող իրավիճակը՝ հանուն ռևանշի։
Հենց այս համատեքստում է պետք դիտարկել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցողը։
Դե իսկ մենք հանգիստ կշարժվենք առաջ և կիրականացնենք բոլոր անհրաժեշտ բարեփոխումները՝ կրկին համերաշխության և սահմանադրականության շրջանակներում, բայց շատ ավելի կոշտ, կտրուկ, արագ ու համապարփակ միջոցներով, որպեսզի հետադիմական բոլոր ուժերը վերջապես հասկանան, որ հետդարձ չի լինելու ու ժողովրդավարությունը հաղթելու է՝ անկախ ամեն ինչից»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը։
43 1 1 - 45Shares