Գլխավոր Հասարակություն 

Մի քիչ կսառի՝ կփոշմանի ասածի համար. Հայկ Ալումյանը՝ Իմ քայլի պատգամավոր Հայկ Սարգսյանի մասին

analitik.am

Այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողներիհետ զրույցում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը պետք է փոխի անունը, քանի որ այն, որ նրա անունը Հայկ է, պատիվ չի բերում մյուս Հայկերին: Պատգամավորը նաև տարակուսանք էր հայտնել, թե ինչպես կարող է փաստաբանը լինել և Վահան Շիրխանյաի, և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը:

Analitik.am-ի հետ զրույցում պարոն Ալումյանը, խոսելով Շիրխանյանի մասով հայտարարության մասին, նշեց, որ վերջինիս վերաբերյալ քրեական գործը և  Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը որևէ առնչություն չունեն միմյանց հետ և նրանցից որևիցե մեկի շահերը չեն շոշափվում մյուսի քրեական գործով. «Այդ պատճառով ես հենց այժմ էլ հանդիսանում եմ և պարոն Շիրխանյանի և պարոն Քոչարյանի պաշտպանը: Շահերի բախում այստեղ չկա: Ավելին, նրանք երկուսն էլ տեղյակ են, որ ես հանդիսանում եմ միաժամանակ իրենց երկուսի պաշտպանը և իրենք կարող են գնահատել այս հանգամանքի հետ կապված հնարավոր ռիսկերը:

Այնպես որ՝ Հայկ Սարգսյանը կարող է հանգիստ լինել՝ նրանցից ոչ մեկի շահերը ոչ միայն չեն տուժում, այլ անգամ չեն էլ շոշափվում այդ հանգամանքի բերումով:

Իսկ ինչ վերաբերում է անունս փոխելու մասին նրա խորհրդին, ապա դա «վառված» մարդու մտածելակերպ ու վարվելակերպ է, մի քիչ կսառի՝ կփոշմանի ասածի համար: Եթե քաղաքավարի մարդ է, ապա նաև ներողություն կխնդրի, եթե ոչ՝ Աստված իր հետ»:

Նույն շարքից