Հասարակություն 

Հաղթանակս նվիրում եմ զինվոր եղբորս. Ռոման Քալաշյանը՝ աշխարհի չեմպիոն, Իրանը ներկայացնող Մահդի Լալիի նկատմամբ հաղթանակ տանելու մասին

analitik.am

Վերջերս Հայաստանում ընթացած «Արարատ Ֆայթ» միջազգային հերթական մրցաշարի ժամանակ հաղթանակ տարավ Հայաստանը ներկայացնող Ռոման Քալաշյանը: Մրցաշարին մասնակցում էին 4 երկրների՝ Հայաստան, Իրան, Վրաստան և Լիբանան, ներկայացուցիչներ։  67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ռոման Քալաշյանը հաղթանակ տարավ  2016 և 2017 թվականներին աշխարհի չեմպիոն, Իրանը ներկայացնող Մահդի Լալիի նկատմամբ։

Analitik.am-ը զրուցեց Ռոման Քալաշյանի հետ, ով հայտնեց, որ արդեն 14 տարի է, ինչ զբաղվում է քիկբոքսինգով: Նշենք, որ մենամարտը 4 ռաունդից է եղել, ընդհանրապես 3 ռաունդ է լինում, սակայն  քանի որ արձանագրվել էր ոչ ոքի արդյունք, տեղի ունեցավ նաև 4-րդ ռաունդը Քալաշյանը հաղթեց. «Մրցակիցս շատ լուրջ մարզիկ էր և թեժ պայքար ստացվեց, թեժ ու անզիջում պայքարում հաղթող ճանաչվեցի: Պատասխանատվության մեծ զգացում ունեի մենամարտից առաջ, քանի որ երկրպագուների զգալի աճ կար։ Դեռ Վրաստանում պրոֆեսիոնալ մենամարտի ժամանակ վնասվածք էի ստացել, և քանի որ շատերն էին սպասում այս մենամարտին, ռիսկի դիմեցի ու փառք Աստծո ստացվեց»։

Քալաշյանը նշեց, որ հաղթանակը նվիրում է զինվոր եղբորը, ով ծառայում է Արցախի Հանրապետությունում:

Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ գործունեությանը, Քալաշյանն ասաց, որ արդեն չորրորդ տարին է՝ ինչ մենամարտում է պրոֆեսիոնալ ռինգերում և միջազգային կարգի պրոֆեսիոնալ մենամարտերի հաղթող է. «Սպասում ենք ավելի լայն մասշտաբով մրցաշարերի առաջարկներին, առաջարկներ կան,  և Հայաստանից և արտերկրից։ Նույնիսկ առաջարկել են գնալ արտերկիր։ Սակայն, ես մնալու եմ Հայաստանում, այստեղ շատ մարդկանց շատ բան ունեմ ապացուցելու, այստեղ եմ ուզում առաջ գնալ և ապացուցել, որ Հայաստանում կարելի է բնակվել և բարձր պահել Հայաստանի դրոշը։ Իմ մեջ կարծես պրինցիպ է Հայաստանում մնալը և այստեղ առաջ գնալը։ Սպասում ենք դրան, հուսանք, որ լավ կլինի, կշատանան հովանավորները և սպորտի հանդեպ հետաքրքրվողները»։

 

Նույն շարքից