«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, որ ԱԺ քառյակը «թայմաութ»՝ դադար է վերցրել։ Ըստ նրա՝ քառյակն այժմ կազմակերպչական աշխատանքներ է կատարում աշնանն ընդառաջ։
«Ընդամենը մեկ շաբաթ առաջ խորհրդարանական 4 ուժերը հրապարակային համատեղ դիմում ներկայացրեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, նույնիսկ հայտարարեցին, որ կարող եք 12 կետերի մեջ մտցնել, կամ 13-րդ կետ համարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ բոլոր 4 կառույցներում տեսանելի է, որ ներքին կազմակերպչական պրոցես է սկսվել. ՀԱԿ-ն է մարզային կառույցներում հանդիպումներ անցկացնում, Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանը օրերս հայտարարեց, որ կառույցների հետ են հանդիպում։
«Մենք էլ ենք նմանատիպ վիճակում՝ հետհամագումարյան իրավիճակ է, կարծում եմ՝ ԲՀԿ-ն էլ իր կառույցների հետ հանդիպում կանցկացնի, ուստի չեմ կարծում, որ արձակուրդային վիճակ է, ընդամենը քաղաքական պայքարի մեկ այլ փուլ ենք տեղափոխվել և այս ամառվա ընթացքում փորձում ենք մեր ներկուսակցական կազմակերպչական աշխատանքներ իրականացնել»,- նշեց նա և հավելեց, թե խոստացված թեժ աշնանն այլևս շատ քիչ ժամանակ է մնացել։
«Ամառը կիսվել և մի բան էլ այն կողմ է անցել, և 12 կետերի մեջ հստակ ասվում է, որ 12 կետերը չիրականցվեն, մենք պետք է ժողովրդին հրամցնենք, թե ինչ ենք անում։ Իսկ, թե ինչ ենք անելու, պատասխանը մեզանից լավ գիտեք»,- ասաց նա, բայց հստակեցրեց, թե չի ասում, որ սեպտեմբերին իշխանափոխություն կլինի։
«Ես ասում եմ, որ սեպտեմբերին, եթե մենք հարցնենք ժողովրդին, թե ի՞նչ եք ցանկանում, ժողովո՛ւրդ, իրենք ոչ միայն իշխանափոխություն կասեն, կարող է՝ շատ ավելի սուր-սուր բաներ ասեն, որը մենք կփորձենք չիրականացնել, որովհետև այդքան էլ ճիշտ չէ սուր դրվագները կյանքի կոչելը, բայց իշխանափոխության հարցում 100%-ով համակարծիք եմ, որ ամենաճիշտ պահանջն է, որն այլևս անհրաժեշտ է»,– ասաց նա։
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանն այսօրվա իշխանությունների ներկայացմամբ չունի այն ողնաշարն ու ռեսուրսը, որ կարող է իր շահերը պաշտպանել։ Հայաստանին միանշանակ պետք են արտահերթ ընտրություններ։