Հասարակություն 

Արդարադատության իրավունքի մեջ կա դատավորների անփոփոխելիության սկզբունք. ՓՊ նախագահ

analitik.am

Այսօր՝ մայիսի 23-ին, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, խոսելով դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին, հայտարարեց, որ այդ մասին խոսելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է վեթթինք. «Այն ժամանակ խոսվեց անցումային արդարադատության մասին, հիմա էլ վեթթինգի մասին է խոսվում: Պետք է հասկանալ՝ այն իրականացնելիս ստուգվելու են արդյո՞ք դատավորների մասնագիտական որակները, ո՞վ է ստուգելու, եթե ստուգվելու են, ի՞նչ կարգով: Արդյո՞ք միայն դատավորները պետք է վեթթինգի ենթարկվեն, իսկ քննիչնե՞րը, դատախազնե՞րը, արդյո՞ք խնդիրը միայն դատավորների մասով է ու մյուս կառույցներում խնդիրներ չկան: Երբ այդ հարցերին պատասխան տրվի, ես կարող եմ իմ կարծիքը հայտնել»:

Հարցին, թե շատ են արդյո՞ք դատավորները, ովքեր պետք է հրաժեշտ տան պաշտոնին, Զոհրաբյանը նշեց, որ դեռ 14-րդ դարում Գրիգոր Տաթևացին հետաքրքիր ախտորոշում է տվել. «Նա ասել է, որ արդար դատաստանը ծռվում է 4 պատճառով՝ կաշառք, կողմնակալություն կամ երեսպաշտություն, վախ, տգիտություն: Ես կարծում եմ, որ այսօր էլ նույն 4 պատճառներն են գործում: Պետք է մտածել ոչ միայն դատավորի վատը կամ լավը լինելու մասին, այլ մտածել նաև օրինակ նրանց ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, աշխատավարձերը բարձրացնելու մասին: Համալիր գործողություններ պետք է կատարվեն, հակառակ դեպքում խնդիրներ կարող են լինել»:

Զոհրաբյանը նշեց, որ դատական իշխանությունը կայուն է և կապ չունի մյուս ճյուղերի հետ, մյուս իշխանությունների փոփոխությունը չի ենթադրում նաև այդ ճյուղի պարտադիր փոփոխությունը. «Իզուր չէ, որ արդարադատության իրավունքի մեջ կա դատավորների անփոփոխելիության սկզբունք»:

ՓՊ նախագահը նշեց, որ դատավորներ կան, որ անկախ աշխատավարձից, այս ու այն կողմ են նայում, բայց պետությունը գործիքակազմ ունի նման դատավորների նկատմամբ քայլեր ձեռնարկելու համար: Նա հայտարարեց, որ բոլոր մասնագիտություններում է այդպես:

Նույն շարքից