Հասարակություն 

Եթե վաղվա Հայաստանում վատ վերաբերվեն այդ պատգամավորին... ՓՊ նախագահը՝ Իմ քայլի պատգամավորի մասին

analitik.am

Պատգամավորն իր քաղաքական գնահատականն է տալիս, իսկ եթե կա շահերի բախում, դրա համար կա նախատեսված կարգապահական պատասխանատվություն: Ես չեմ կարող ասել՝ կա՞ նման բախում, թե՝ ոչ: Այդ բախվելիք շահերը պետք է լինեն իրավաբանական, ոչ թե քաղաքական: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը՝ պատասխանելով Իմ քայլի պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությանը, որ նույն փաստաբանը չի կարող պաշտպանել և Ռոբերտ Քոչարյանին, և Վահան Շիրխանյանին:

Զոհրաբյանը նշել է, որ փաստաբանին պետք է մոտենալ պրոֆեսիոնալ տեսանկյունից. «Փաստաբանն իր մասնագիտական գործունեությունն է իրականացնում: Պատկերացրեք, որ վաղը նոր իշխանություն է գալիս Հայաստան ու այդ վաղվա Հայաստանում այդ պատգամավորին վատ են նայում, հիմա ի՞նչ, նրան պետք է որևէ փաստաբան չպաշտպանի՞: Դա շատ վատ կլինի: Ես կկանգնեմ փաստաբանի կողքը, ով կպաշտպանի: Նույն է, որ բժշկին մեղադրես այս կամ այ մարդուն բուժելու մեջ: Փաստաբանն իր մասնագիտական գործն է անում, պարտադիր չէ, որ կիսի իր վստահորդի քաղաքական հայացքները»:

Ինչ վերաբերում է հարցին, թե դատական համակարգում վիրահատական միջամտության կարիք կա՞, թե՝ ոչ, Զոհրաբյանն ասել է, որ պետք է հասկանալ, թե ինչն է հեռացվում. «Եթե գլուխն ենք հեռացնում, չկա, եթե խոցն ենք հեռացնում, կա: Եթե մի բան չի լինում բուժել, պետք է վիրահատել: Ամեն դեպքում ես դեմ եմ դատարանի գլուխը կտրելուն»:

Նույն շարքից