Հասարակություն 

Կիևյան կամրջի արտաքին լուսավորությունն արդեն պատրաստ է

analitik.am

Նախաձեռնությունն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրով նախատեսված էներգախնայողության միջոցներով:

«Ստեղծվել է վերականգնողական ֆոնդ, որտեղ կուտակվում են արդիականացման շնորհիվ էլեկտրաէներգիայից և շահագործման, սպասարկման ծախսերից խնայված գումարները: Միջինում խնայողությունը կազմում է 60 տոկոս: Ամեն տարի խնայված միջոցների հաշվին նոր փողոցներում իրականացվում են արդիականացման աշխատանքներ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը:

Շուրջ 620 նատրիումային լուսատու կփոխարինվի ժամանակակից, էներգախնայող 350 լուսադիոդայիններով, որոնք կարող են աշխատել, ի դեպ, մինչև 50 հազար ժամ:

Կիևյան կամրջի արտաքին երթևեկելի հատվածի արտաքին լուսավորությունն արդեն փոխվել է: Վարորդներն ու բնակիչներն արդեն հասցրել են գնահատել:

Ծրագրի շնորհիվ ոչ միայն կնվազի էլեկտրաէներգիայի ծախսը, այլև կբարելավվի լուսավորությունը: Դրանով կբարձրանա նաև երթևեկության անվտանգությունը:

«Այս լուսավորության ներքո արդեն կարողանում ես մարդուն ավելի լավ տեսնել, և դրա շնորհիվ թե վարորդը, թե հետիոտն իրենց ավելի անվտանգ և ապահով են զգում: Նման ծրագիր իրականացնելու համար քաղաքը պետք է վարկ վերցներ, մենք փորձեցինք մեր գործունեությամբ ֆոնդի առաջին լուման դնել»,- նշել է ՄԱԶԾ փորձագետ Արմեն Գուլքանյանը:

«Երկու շաբաթվա ընթացքում կավարտենք նաև Շիրակի փողոցի լուսավորության արդիականացումը»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

«Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրով ստեղծված վերականգնվող ֆոնդի խնայված միջոցներով, նաև Կիևյան կամրջի, Շիրակ և Բաբաջանյան փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման շնորհիվ ծրագիրը կշարունակվի և ամեն տարի կընդգրկի նորանոր փողոցներ:

 

Նույն շարքից