Հայաստան 

Կանոնակարգվում է շահումով խաղերի գործընթացը

analitik.am

ՀՀ կառավարությունը 2013թ. վերջին «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխությամբ սահմանել է, որ խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրված ընդհանուր մեծության նվազագույն չափը 86 տոկոսի փոխարեն պետք է լինի 90 տոկոս: Օրենքի 6-րդ հոդվածով նախատեսվում է շահումով խաղի կամ խաղատան գործունեություն կազմակերպել երկրի չորս քաղաքների վարչական սահմաններում՝ կրթական և պատմամշակութային օջախներից, վարչական շենքերից, հիվանդանոցներից կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում: Այդ չափանիշների պահպանման իսկությունը կարող է պարզվել միայն տեղում ստուգման ժամանակ: Գործադիրն իր նախկին որոշումը համապատասխանեցրել է փոփոխված օրենքին:

Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով գործադիրը հատկացրել է ավելի քան 4.5 մլն դրամ:

Կառավարությունը 5 մլն դրամ է տրամադրել «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ աշխատանքի վետերանների կոմիտեին՝ վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, ևս 6 մլն դրամ՝ նրանց արտոնյալ պայմաններով առողջարանային բուժման ուղեգրեր հատկացնելու նպատակով:

Գործադրի որոշմամբ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի 55ա հասցեում գտնվող տարածքը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին, որտեղ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ կկառուցվեն քաղաքային պուրակ և նախակրթարան:

Նիստում «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» ՀԿ կողմից Բյուրականի բնակավայրերի շինարարությունն իրականացնելու նպատակով հատկացվել է 127 մլն դրամ: ՀԿ-ն ամեն տարի կազմակերպում է համահայաստանյան միավորային բանակումներ, որոնց մասնակցում է ավելի քան 1000 երիտասարդ:

Նույն շարքից