Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Բուրկինա Ֆասոյից Ալժիր ուղևորվող «Էյր Ալջերիա» ավիաընկերության ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ շուրջ հինգ տասնյակ ֆրանսիացիներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից:
«Այս ծանր պահին կիսելով Ձեր, զոհվածների հարազատների և բարեկամ ֆրանսիացի ժողովրդի վիշտն ու ցավը՝ անկեղծ վշտակցություն և զորակցություն ենք հայտնում, մաղթում համբերություն ու ոգու արիություն»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել նաև Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային՝ հուլիսի 23-ին Մալիի տարածքում «Էյր Ալջերիա» ավիաընկերության օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ է դարձել:
Հանրապետության Նախագահն անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Ալժիրի Նախագահին և Ալժիրի եղբայրական ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և համբերություն: