Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը 1,5 տարի առաջ ասում էր, որ Ռուսաստանը սանձազերծել է ապրիլյան պատերազմը. Քաղաքագետ

analitik.am

Ռուսաստանում իսկապես փորձում են հասկանալ՝ Հայաստանը զարգացման որ ուղին կնախընտրի, որքան սուր կդրվի էլիտաների փոփոխության հարցը կամ վստահության ու անվստահության հարցը: Հասկանալի է՝ Հայաստանի նոր իշխանությունների «բեք ռաունդը» տարբերվում է նրանից, ինչին սովոր են Ռուսաստանում ու հետխորհրդային  տարածաշրջանում: Բայց ես կարծում եմ, որ Հայաստանում էլ, Ռուսաստանում էլ հասկանում են այն սահմանները, որից հետո Հայաստանը դժվար թե անցնի: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան-Ռուսաստան, Նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ անվտանգության խնդիրներ կան:

«Եթե Փաշինյանը 1,5 տարի առաջ Ռուսաստանին մեղադրում էր ապրիլյան պատերազմը սանձազերծելու մեջ, այսօր ասում է, որ նման բան չկա: Եթե մինչև հեղաշրջումն ասում էր, որ ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ, այսօր ետ է կանգնել դրանից: Ռուսաստանում հասկանում են, որ կան սահմաններ, որից այն կողմ Հայաստանի անցնելն արդեն վտանգավոր է դառնալու բուն Հայաստանի համար: Ես խոսում եմ ոչ միայն արտաքին վտանգների, այլ նաև հայ հասարակության ընդվզման հնարավորության և ընկալումների մասին: Որովհետև որքան էլ մեդիայում գերիշխեն արևմտյան տրամադրությունները, հասարակության լայն շրջանակներում, հատկապես այն, որը կապ ունի Ռուսաստանում աշխատող իր հայրենակիցների հետ, մշտապես նոր բարիերներ են ստեղծելու իշխանությունների համար, որպեսզի քաղաքականությունը շատ չգնա դեպի Արևմուտք»,-ասաց քաղաքագետը:

Նույն շարքից