Այն, ինչ տեղ է ունենում Հայաստանում, հենց մեծ բանավեճ է՝ խենթության և իրատեսության միջև: Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին, ովքեր գիտեն, որ իրենց խենթ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանում: Այսօր՝ մայիսի 27-ին Սյունիքի մարզի ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա: Կապ չունի, թե ինչ մակարդակի անհատական ջանք է դա, որովհետև այն, ինչ մենք ունենք իրականում, ունենում ենք նախ որպես գաղափար: Մեր մեծագույն խնդիրն է Հայաստանում հնարավորինս շատ մարդու ստեղծագործելու, երազելու և այդ երազանքն իրագործելու համարձակությամբ օժտելը: Այս տնտեսական մարզային ֆորումները նաև այդ նպատակն են ծառայում»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ շատ կարևոր է խոշոր ներդրողների, խոշոր կորպորացիաների մուտքը Հայաստան, սակայն այդ խոշոր ներդրողները գնում են առաջին հերթին տաղանդավոր մարդանց հետևից. «Մեր խնդիրն է, որ ցույց տանք՝ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, որոնք կարող են ոչ միայն իրենց երազանքներն իրականացնել, այլ նաև միջավայր ստեղծել այլոց երազանքների իրականացման համար»: