Հասարակություն Բարի օր 

Ուսանողների առջև դռներ փակածները Նոր Հայաստանում ավելի բարձր պաշտոն են ստանում. ԵՊԼՀ ուսանողները բողոքում են

Analitik.am-ի խմբագրություն են դիմել Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ ուսանողներ՝ տրամադրելով մեզ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են նախկինում ՀՀԿ-ականներն արգելում ուսանողներին մասնակցել ցույցերին:  Ուսանողները նշում են, որ  պայքարել են հեղափոխության օրերին նաև իրենց համալսարանում և այն կարծիքին էին,որ հեղափոխությունից հետո որևէ բան կփոխվի իրենց բուհում և երկրում, սակայն սխալվել են:

Այս տեսանյութը տեղադրված է եղել   YSLU confessions էջում, սակայն հեռացվել է՝ հաշվի առնելով այն, որ տեսանյութի գլխավոր հերոսները արագ ՀՀԿ-ից անցում են կատարել ՔՊ: Տեսանյութում երևում է, որ երբ ուսանողները համալսարանում շրջել են դասադուլ վանկարկումներով, նրանք հանդիպել են համալսարանի ղեկավարության կողմից ստեղծված խոչընդոտների, նրանց վրա գոռգռացել են, իսկ երբ ուսանողներն ու դասախոսները փորձել են հավաքվել համալսարանի բակում միասին փողոց դուրս գալու համար, նրանց առջև փակել են դռները՝ կենդանի պատնեշ կանգնելով: Այս հոլովակի գլխավոր հերոսները բուհ-ի վարչական աշխատողներից նախկինում ԵՊԼՀ պրոռեկտոր, հեղափոխությունից հետո ԿԳ փոխնախարար Գրիշա Թամրազյանն է և ԵՊԼՀ ֆակուլտետներից մեկի դեկան, դեռևս ՀՀԿ խորհրդի անդամ Ցոլակ Ակոպյանը:

Այս տեսանյութում նրանք գոռում և անհարգալից վերաբերմունք են ցույց տալիս ԵՊԼՀ դասախոսներից մեկի նկատմամբ, որը դուրս էր եկել ուսանողներին քաջալերելու: Նշենք, որ Ց. Ակոպյանի նախկինում  կարկառուն հանրապետական էր, ըստ ուսանողների, աշխատանքի է ընդունվել հենց հանրապետականների միջնորդությամբ, սակայն այժմ դարձել է Իմ Քայլի ակտիվ հետևորդ՝  ամեն գնով բուհում զբաղեցրած պաշտոնը պահելու համար:

Ուսանողները նշում են, որ  Գ. Թամրազյանն ամեն կերպով խոչընդոտել է հեղափոխական ուսանողների և դասախոսների ակտիվությունը, իսկ իշխանափոխությունից հետո դարձել է ՔՊ-ական և չունենալով մասնագիտական ոչ մի կարողություններ և հմտություններ՝ նշանակվել Կրթության և գիտության փոխնախարար: Ուսանողները վրդովված են, որ մարդիկ, ովքեր հանրապետականների օրոք պոկել են առավելագույնը, պաշտոններ են զբաղեցրել՝ չնայած ժողովրդական հեղափոխությանը խոչընդոտելուն, հիմա ոչ թե իրենց արժանի պատիժն են ստանում, այլ ընդհակառակը պարգևատրվում են՝ պրոռեկտորից դառնալով փոխնախարար:

«Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ ասել էր հետևյալը. «ուսանողների առաջ դռներ փակած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն»: Փաստացի ստացվում է, որ դռներ են փակվել նաև ԵՊԼՀ-ում: Ներկայացված տեսանյութի հերոսները հեղափոխության օրերին իրենց քայլերը վստահաբար ինքնագլուխ չեն կատարել, քանի որ Կարինե Հարությունյանը մեխի գլուխ չէ, և ինքն է համակարգել յուրայինների բոլոր քայլերը, իսկ եթե մեխի գլուխ է, առավել ևս իրավունք չունի ղեկավար պաշտոնում լինելու: Այսքանից հետո իրավունք ունե՞ն նման կերպարները շարունակել ղեկավար պաշտոններ զբաղեցնել նոր Հայաստանում, այն էլ կրթության ոլորտում: Բա, այս ռեկտորը և իր կամակատար գործիքները Հայաստանում առհասարակ անելիք ունե՞ն»:

Ուսանողները դիմում են ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանին՝ վստահություն հայտնելով, որ վերջինս կպահի իր խոսքը, և նման պաշտոնյաները, որոնք խոչընդոտել էին ուսանողների մասնակցությունը ցույցերին, կազատվեն իրենց աշխատանքից:

Ուսանողների անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում:

 

Նույն շարքից