Հայաստան 

Ո՛չ Իլհամ Ալիևը, ո՛չ Սերժ Սարգսյանն ի վիճակի չեն ինքնուրույն քայլ անել. Աշոտ Մանուչարյան

analitik.am

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր մամուլի ասուլիսում ասաց, որ պետք է ժողովրդին մոբիլիզացնել, որպեսզի սեպտեմբերին ամբողջ ժողովուրդը դուրս գա հրապարակ:

 

«Կարող են մի քանի հրապարակում հավաքվել, սակայն միասնական Հայաստանի ժողով անցկացնեն: Դրանով ժողովրդի վերահսկողությունը, թելադրանքը, նպատակադրումը կհնչի բոլորի համար՝ թե՛ ներսում, թե՛ դրսում: Բայց մասնավոր ժողովները, այն, ինչ-որ անում են կուսակցությունները, դրանք կարող են քանդել երկիրը, քաոսի առաջ կանգնեցնել: Բոլոր մասնավոր կոչերը Հայաստանի համար խայտառակություն են, մեծ ճգնաժամի դուռ են, ամբողջականը՝ փրկություն»,-ասաց նա:


Անդրադառնալով ԼՂ հարցին, Աշոտ Մանուչարյանն ասաց, որ Մինսկի խմբի գործընթացը վաղուց անընդունելի է համարում: Ըստ նրա՝ հայկական կողմը, թեև գիտի, որ այդ գործընթացը ոչինչ չի տա, սակայն մասնակցում է, որովհետև «աշխարհի տերերն» են այդպես ասել:


Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հասարակության ձեռքում է խնդրի լուծումը: «Ո՛չ Իլհամ Ալիևը, ո՛չ Սերժ Սարգսյանն ի վիճակի չեն ինքնուրույն քայլ անել: Նրանք այնպիսի աքցանների մեջ են, որ անմիջապես կոչնչացվեն: Ժողովուրդները քայլ պետք է անեն»,-ասաց նա:

 

Մեր դիտարկմանը, թե Ադրբեջանը հասարակության մեջ հայատյացություն սերմանելու քաղաքականություն է իրականացնում, և այդ դեպքում ինչպե՞ս կարող է հասարակությունների մեջ երկխոսություն լինել, Աշոտ Մանուչարյանն ասաց, որ Ադրբեջանի մի զգալի մասը երկրի ներսում խորթացել է այդ գաղափարներին և պատրաստ է երկխոսության:

 

Անդրադառնալով Լևոն Հայրապետյանի բանտում հայտնվելուն՝ Աշոտ Մանուչարյանն ասաց . «Լևոն Հայրապետյանը մեր և Ադրբեջանի համար երկխոսության կազմակերպելու հստակ լծակներից մեկն է: Նա միջազգային շատ խոշոր միջնորդ է: Ես չեմ զարմանա, որ նա մարդկային ինչ-ինչ խախտումներ կատարած լինի, բայց չեմ կարծում, թե ավելի, քան ռուսական որևէ մի այլ մեծահարուստ»:

Նույն շարքից