Քաղաքական Բարի օր 

Սերժ Սարգսյանը նամակ է գրել Ժոզեֆ Դոլին

ՀՀԿ նախագահ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է հղել Եվրոպական Ժողովրդական կուսակցության Նախագահ պարոն Ժոզեֆ Դոլին.

Մեծարգո պարոն Դոլ,

Խնդրում եմ ընդունել իմ ջերմ շնորհավորանքները Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ԵԺԿ գրանցած հաջողության կապակցությամբ: Եվրոպայի քաղաքացիները ակտիվորեն քվեարկել են ԵԺԿ փորձի և տեսակետների օգտին, մեր քաղաքական ընտանիքին վստահելով ավելի լավ Եվրոպա կառուցելու պատվաբեր պատասխանատվությունը: Կասկած չունեմ, որ մնալով Եվրախորհրդարանի ամենամեծ քաղաքական խումբը, մոտակա տարիներին ԵԺԿ-ն շարունակելու է իր նպաստը բերել Եվրոպական Միության առաջխաղացմանն ու առաջընթացին:

Առիթից օգտվելով՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում վերջին տարիներին ԵԺԿ-ի կողմից Հայատանում ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով մեզ ցուցաբերած աջակցության համար:

Հիշատակման արժանի է նաև Հայաստանին եվրոպական ընտանիքի հետ մոտարկման ԵԺԿ աջակցությունը, ինչպես նաև միջազգային ասպարեզում սերտ համագործակցությանը:

Նպատակային և շարունակական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց նոր նախաձեռնություններով և նախագծերով համալրել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը, ինչը աներկբա բխում էր մեր ժողովուրդների հիմնարար շահերից և նպաստում էր Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանը:

Վստահություն ունեմ, որ Եվրոպական Միությունը շարունակելու է իր առաջընթացն ու զարգացումը, և նոր խորհրդարանը իր կառուցողական ներդրումը կունենա մայրցամաքում խաղաղության և կայունության ամրապնդման գործում: Մեծարգո պարոն Դոլ, ընդունեք, խնդրում եմ, հարգանքներիս հավաստիքը:

Նույն շարքից