Հայաստան 

Ղարաբաղից է Եվրոպան սկսվում. Կարեն Միրզոյան

analitik.am

ԼՂՀ ԱԳ նախարարության գլխավոր նպատակն Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորմանը հասնելն է: Այս մասին «The European Times» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:


«ԼՂՀ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումը բոլոր փուլերում շատ կարեւոր է: Բանակցությունների սեղանին կողմերից մեկի բացակայությունը դժվարացնում է իրական առաջընթացի ձեռքբերման գործընթացը»,- հայտարարել է Միրզոյանը:


Արցախի ԱԳՆ-ի առաջնահերթությունների շարքում է ԼՂՀ ճանաչման ուղղությամբ դրական միտումների վերականգնումը, ինչպես նաեւ այլ պետությունների հետ լավ հարաբերությունների պահպանումը, հատկապես այն երկրների, որտեղ հայ համայնք կա:


Միրզոյանի խոսքով, Ղարաբաղի ժողովրդի ջանքերի շնորհիվ եւ արտերկրում բնակվող հայրենակիցների օգնությամբ ԼՂՀ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է եւ հիմա ներդրումների համար լավ հեռանկարներ կան: «Ներդրողներին գրավում են մեր որակյալ աշխատուժն ու բաց, ազատական ներդրումային միջավայրը»,- ասել է նախարարը:


Կարեն Միրզոյանը նշել է, որ հաջորդ տարեվերջին պատրաստ կլինի Մարտակերտը Վարդենիսին կապող ճանապարհը: «Ստեփանակերտի օդանավակայանի վերանորոգումը լրացուցիչ ներդրումային գրավչություն է ապահովելու եւ հզոր խթան է հանդիսանալու երկրում զբոսաշրջության զարգացման համար»,- հավելել է նա:


ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է, որ Ղարաբաղը ոչ միայն երկրի, այլեւ այդ հողում ապրող ժողովրդի անունն է. մարդիկ, ովքեր պայքարել են անկախության եւ ազատության համար: «Ոմանք ասում են՝ Լեռնային Ղարաբաղն այնտեղ է, որտեղ ավարտվում է Եվրոպան: Մենք ասում ենք՝ այստեղից Եվրոպան սկսվում է»,- եզրափակել է Կարեն Միրզոյանը:

Նույն շարքից