ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, թե Իմ քայլը խմբակցությունում քննարկում են խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու հարցը: Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ որևիցե մեկը միտք չունի սահմանափակելու լրագրողների գործունեությունը, սակայն հնարավոր է ինչ-որ ձևով համակարգվի:
Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի նպատակներին, Սիմոնյանը նշեց, որ այդ դեպքերի մասով կան շատ հարցեր, մտահոգություններ, որոնց հետ կապված պետք է ստուգումներ ու ճշտումներ լինեն. «Հիշում եք, որ նախկին վարչապետերից մեկը հայտարարեց, որ տանկի մեջ վառելիք չի եղել, ու այդ հայտարարությունն անհետևանք մնաց: Նման նախադեպեր չլինելու համար պետք է ստուգումներ լինեն: Որևիցե մեկը պետք է չկասկածի, որ ամեն ինչ արվել է մեր զինվորներին ամեն ինչով ապահովելու համար»:
Հարցին, թե ինչու հիմա որոշվեց ստեղծել հանձնաժողովը, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ պետք չէ դա կապել քաղաքականության հետ, ուղղակի ԱԺ-ն հիմա արդեն պատրաստ է այդ հարցերով զբաղվել: