Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ովքեր են լինելու ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի անդամները, ասաց, որ տեղյակ չէ:
Ինչ վերաբերում է դաշնակցության տարակուսանքին, թե բանակում չծառայած պաշտոնյաները պետք է քննեն հարցը, Սիմոնյանը նախ ծիծաղեց, ապա նշեց, որ կմասնակցեն պաշտպանության հանձնաժողովի անդամները, իսկ կազմի մասով հարցը դեռ չի քննարկվել. «Բանակում չծառայելու մասին քիչ պետք է խոսել, որովհետև մենք տասնյակ կառույցներում հազարավոր մարդիկ ունեն, որ մեր հիմնարկներում աշխատում են: Ես ծառայել եմ, չգիտեմ՝ արդյո՞ք Մանուկյան Գեղամը ծառայել է, թե՝ ոչ, պետք է ճշտել: Եթե ինձ առաջարկեն հանձնաժողովում լինել, ես կլինեմ»:
Վարչապետ Փաշինյանի նշած դավադիր պատերազմի մասով ԱԺ փոխխոսնակը հավաստիացրեց, որ Հայաստանում երբևիցե չի եղել իշխանությունը, որն այսքան հաշվետու եղած լինի հասարակությանը. Ինչ վերաբերում է դավադիր պատերազմին, վստահ եմ, որ բոլորը լավ գիտեն, թե ինչ է կատարվում, ինչպիսի մեխանիզմներ, ինչպիսի միջոցներ են օգտագործվում այս կամ այն պաշտոնյային, գործողությունը վարկաբեկելու համար»:
Դիտարկմանը, որ պատերազմը բանակն է սկսում, Սիմոնյանը նշեց. «Դա խոսքի դարձված է, պետք չէ կարծել, որ դանակներն ու տանկերը վերցնելու ենք գնանք մարդ սպանենք: Եթե խոսում ենք դավադիր պատերազմի մասին, պետք է հասկանանք, որ քաղաքական դաշտում երկու խումբ մարդիկ կան՝ նրանք, ովքեր քաղաքական գործունեությամբ են զբաղվում, և մարդիկ, ովքեր վճարվում են, որպեսզի ընդդիմության տեսիլք ստեղծեն, վճարվում են մարդկանց կողմից, ովքեր այսօր անցնում են կամ ապագայում անցնելու են քրեական գործերով: Ինչ վերաբերում է հողեր հանձնելուն, խոսքը վերաբերում է նրան, որ այն մարդիկ, ովքեր այսօր հողեր հանձնելու մասին խոսում են, այդ մարդիկ են հենց բանակցել և նրանց օրակարգում է եղել նման տարբերակները: Իսկ այսօրվա իշխանության ներսում նման օրակարգ չկա»:
Ալեն Սիմոնյանն անուններ չտվեց՝ հայտարարելով, որ չի ցանկանում վերջիններիս գովազդել ու իր կողմից անունները տալը կօգնի, որ նրանց աշխատավարձը բարձրանա: